Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ապրիլի 4-ին և 6-ին Կոտայքի մարզի Գառնի և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում կազմակերպել էր «Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներին» թեմայով սիմուլյացիոն վարժանք, որի նպատակն էր կատարելագործել այդ երկու համայնքներում ստեղծված կամավոր հրշեջ-փրկարարների թիմերի գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ:
Ըստ սցենարի՝ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ուժեղ երկարաշարժից հետո դպրոցում հրդեհ է բռնկվել: Դպրոցն իրականացրել է տարհանում, բայց կան տուժածներ:
Վարժանքին ներգրավվել են Կոտայքի ՄՓՎ Աբովյանի ՀՓՋ մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի ՓՎ թիվ 9 ՀՓՋ մեկ մարտական հաշվարկ, Գառնի համայնքի կամավոր հրշեջ-փրկարարներ, Շտապօգնության 1 բրիգադ:
Կամավոր հրշեջ-փրկարարների թիմերը ստեղծվել, ուսուցանվել և տեխնիկապես հագեցվել են ԵՄ մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչության, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում: