Սիրիահայերի ինտեգրման խթանում ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 13-ից 19-ը Ստեփանավանում կազմակերպվել է ամառային դպրոց թվով 100 սիրիահայ աշակերտի համար, որին մասնակցել է նաև ծրագրի 20 կամավոր:
Ամառային դպրոցն անց է կացվել երկու փուլով, առաջին փուլին մասնակցել են միջին դպրոցի աշակերտներ, իսկ երկրորդ փուլին՝ ավագ դպրոցի:
Հաշվի առնելով սիրիահայ աշակերտների կարիքները՝ օրակարգը կազմվել է շատ բազմաբովանդակ ու ընդգրկուն` ներառելով այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ակտիվ հաղորդակցման հմտություններ, կոնֆլիկտների և ժամանակի կառավարում, ինչպես նաև կազմակերպվել են սեմինարներ առաջին օգնության և աղետների ռիսկի նվազեցման թեմաներով՝ բարձրացնելու երեխաների իրազեկությունը ցանկացած աղետի կամ պատահարի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու և համապատասխան գործողություններ իրականացնելու նպատակով: Կազմակերպվել են նաև տարբեր ինտերակտիվ խաղեր, թատերական ներկայացումներ, դերային խաղեր, մրցույթներ և իհարկե` խարույկ:
Երեկոներն անցել են երգի, պարի, ասմունքի ուղեկցությամբ, որը հնարավորություն է տվել սիրիահայ աշակերտներին առավել մտերմանալու ծրագրի կամավորների հետ, ինչպես նաև ձեռքբերելու նոր ընկերներ: