Օգոստոսի 17-18-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունում էր Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակությունը, որի կազմում էին ԱԿԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մայքլ Օփրիեսնիգը, Միջազգային համագործակցության Եվրոպական թիմի ղեկավար Էդուարդ Տրամպուշը, Հաղորդակցման բաժնի ղեկավար Անդրեա Ուինթերը, Հաղորդակցման բաժնի կամավորներ Բարբարա Սթոեքկլը և Ֆրեդերիկ Ռիֆերը:
Այցի նպատակն էր ծանոթանալ Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ իրականացվող` մասնավորապես Սիրիահայերի և հանրակացարանաբնակ փախստական միայնակ ծերերի և երեխաների աջակցության ծրագրերի ընթացքին, ինչպես նաև հեռուստառեպորտաժ պատրաստել` ավստրիական հեռուստաընկերությամբ հեռարձակելու համար:
ՀԿԽԸ Գլխավոր գրասենյակում Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ավստրիացի գործընկերներին ներկայացրեց սիրիահայերի համար իրականացվող ծրագրերը դրանցում ներգրավված շահառուների թիվն ու տրամադրվող օգնության բնույթը, իրագործման ընթացքում հանդիպող դժվարությունները, մարտահրավերներն ու արդյունքները:
Նա նշեց, որ, մարդասիրական օգնության տրամադրումից այժմ անցել են տնտեսական և մշակութային ինտեգրմանը նպաստող ծրագրերի:
- Ընթացիկ ծրագիրը, որն սկսել ենք իրականացնել այս տարվա մարտից, հենց այդպես էլ կոչվում է` “Սիրիահայերի ինտեգրման խթանում”: Այս ծրագիրը մշակվել է մեր նախորդ փորձը հաշվի առնելով, և այստեղ մեծ է տնտեսական ինտեգրման բաղադրիչը: Մեր շահառուները համատեղ բիզնեսներ կստեղծեն, իսկ աշխատանք փնտրող սիրիահայերի համար հատուկ կայք ենք մշակելու, որտեղ գործատուն և մասնագետը կկարողանան գտնել միմյանց:
Հանդիպմանը ներկա էին նաև 10-ից ավելի սիրիահայեր, որոնք Հայկական Կարմիր խաչի ընկերությունից աջակցություն էին ստացել:
ԱԿԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Մայքլ Օփրիեսնիգը շնորհակալություն հայտնեց շահառուների հետ հանդիպելու նման հնարավորություն ստեղծելու համար.
- Ես առաջին անգամ եմ Հայաստանում, և ինձ շատ հետաքրքիր է ծանոթանալ այս ծրագրերին ու հանդիպես այն մարդկանց, ում համար դրանք իրականցվում են:
Էդուարդ Տրամպուշը հավելեց, որ Ավստրիայում ևս սիրիացի փախստականների ներհոսք կա, և իրենք կարիք ունեն տեսնելու նրանց ինտեգրման:այլ երկրների փորձը:
Հանդիպմանը ներկա սիրիահայերը պատմեցին Սիրիային Հայաստան տեղափոխվելու և նոր կյանք սկսելու իրենց պատմությունները: Նրանց բոլորն էլ մեծ դժվարությունների ու կորուտների միջով էին անցել, բայց ստացած աջակցության շնորհիվ կարողացել էին հաստատվել հայրենիքում:
Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակությունը այցելեց նաև ՀՀ Սփյուռքի նախարարություն, որտեղ հանդիպում ունեցավ Մերձավոր և Միջին Արևրլքի հայ համայնքների հետ կապերի վարչության պետ Լևոն Անտոնյանին:
Նա պատվիրակությանը ներկայացրեց ՀՀ Սփյուռքի նախարարության գործառույթները, ներկա պահին սիրիահայերի համար իրականացվող ծրագրերն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությունը:
- Մենք շնորհակալ ենք Հայկական Կարմիր խաչին` համագործակցության համար: Սիրիահայերի հատկապես վերջին ներհոսքի ժամանակ ՀԿԽԸ-ն լուրջ մասնակցությունը է ունեցել և ակտիվ աջակցել է նրանց` գործիքներով, խորհրդատվությամբ: Վերջերս մենք համատեղ 2-րդ ցուցահանես-տոնավաճառը կազմակերպեցինք, որն արդեն լավ ավանդույթ է դարձել, և, ինչպես փորձն է ցույց տալիս, շատ արդյունավետ է հենց իրենց` սիրիահայերի բիզնեսի համար:
Քննարկվեցին նաև Սիրիայում տիրող ներկա իրավիճակը, սիրիահայերի սպասվող ներհոսքը և հետագա քայլերը` նրանց աջակցելու ուղղությամբ:
Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչները եղան նաև սիրիահայերի կողմից շահագործվող սննդի կետերում, որոնք բացվել են Հայկական Կարմիր խաչի ընկերության տրամադրած գործիքների շնորհիվ, և հետևեցին, թե ինչպես են պատրաստվում ավանդական սիրական ուտեստները:
Այնուհետև, նրանք այցելեցին Աբովյան քաղաքի և Երևանի Արցախի փողոցի հանրակացարաններ, որտեղ ՀԿԽԸ Երիտասարդական բաժնի վարիչ Կատարինա Վարդանյանը պատմեց հանրակացարանաբնակ փախստական միայնակ ծերերին և երեխաներին` ՀԿԽԸ կամավորների միջոցով տրամադրվող աջակցության, ծրագրի ընթացքի ու շահառուների խնդիրների մասին:
Հյուրերը հատկապես տպավորված էին երիտասարդ կամավորների ոգևորված ու նվիրված աշխատանքից:
Այցելության երկրորդ օրը Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակությունը այցելեց Լոռու մարզի Վահագնի համայն, որտեղ ծանոթացավ կանխարգելման ծրագրին: