14-ամյա Էլենը Տավուշի մարզի Բերդ քաղաքից եկել էր մասնակցելու Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից օգոստոսի 19-24-ը Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի Գուգարք ճամբարում կազմակերպած «Եղի՛ր իրազեկված, Եղի՛ր պաշտպանված» խորագիրը կրող հնգօրյա ամառային դպրոց՝ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի 10 սահմանամերձ համայնքների դպրոցների 65 աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ:
- Այս ճամբարը բոլորովին տարբերվում էր իմ տեսած մյուս ճամբարներից: Նոր ընկերներ, նոր գիտելիքներ ձեք բերեցի ու ամենատարբեր ոլորտներում հմտություններ զարգացրեցի, - ասում է նա։
Ամառային դպրոցի մասնակից պատանիները ձեռք բերեցին ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգի իրազեկման, հաղորդակցության հիմունքների, առաջնորդության, առաջին օգնության և այլ թեմաներով գիտելքիներ ու հմտություններ, մասնակցեցին նաև ակտիվ խաղերի և մշակութային միջոցառումների։
16-ամյա Մարիամը, Վայոց ձորի Զառիթափ գյուղից, ասում է, որ ճամբարն իրեն տվեց առաջին օգնության, հաղորդակցման, շփման ձևերի վերաբերյալ գիտելիքներ ու փորձ, որ անհրաժեշտ են բազմաթիվ խնդիրների լուծման ու առաջադիմության համար:
Ալբերտ Ստամբոլցյանը ամառային դպրոց էր եկել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից: Ասում է, որ իրեն այնքան են դուր եկել դասերը, որ ուզում է վերադառնալ Վարդենիս ու դասեր անցկացնել՝ սովորեցնել այն ամենն, ինչ ինքը սովորել է այստեղ:
- Եթե նորից ինձ բերեն, ես անպայման կգամ, լավ կլիներ, որ ավելի երկար ժամկետով գայինք, - ասում է 12-ամյա Ալբերտը:
Ամառային դպրոցը կազմակերպվել էր Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի հետ համագործակցությամբ և ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության աջակցությամբ իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ընթացքում նախատեսված դպրոցական միջոցառումների շրջանակներում: