Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ՀԿԽԸ-ն Արարատի մարզի Լուսառատ համայնքում դպրոց կվերանորոգի [uri] => /news/arcs-will-renovate-a-school-in-lusarat-community.html [id] => 56 ) 1
Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ՀԿԽԸ-ն...

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ՀԿԽԸ-ն Արարատի մարզի Լուսառատ համայնքում դպրոց կվերանորոգի

24.10.2013

Հոկտեմբերի  24-ին, ժամը 13:00-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը և Ռուսաստանի Դաշնությունում  Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիշուկե Յամագիշին  (նստավայրը` Մոսկվա) ստորագրեցին պայմանագիր, որի համաձայն Ճապոնիայի կառավարությունը  92 061 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀԿԽԸ-ին` Արարատի մարզի Լուսառատ համայնքի դպրոցի երկրորդ հարկի վերանորոգման համար:

Պայմանագրի ստորագրմանը ներկա էր նաև Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և Լուսառատ համայնքի ղեկավարը:

Նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ Լուսառատ համայնքի 300 դպրոցականներն արդեն 2014 թվականին հնարավորություն կունենան կրթություն ստանալու բարեկարգ և ժամանակակից դասարաններում:

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանն իր ելույթում նշեց.

- Մարդասիրությունն այն գործն է, որ չպետք է կիսատ թողնել: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միշտ կանգնած է խոցելի խավերի կողքին և մենք շնորհակալ ենք Ճապոնիայի կառավարությանը, որ հետևողական եղավ և հնարավորություն է տալիս մեզ ավարտին հասցնել Լուսառատի դպրոցի վերանորոգումը և այն հանձնել մեր երեխաներին:

ՌԴ-ում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիշուկե Յամագիշին  բարձր գնահատական տվեց ՀԿԽԸ-ի կողմից իրականացված ծրագրի առաջին փուլին.

- Այն ինչ մենք տեսել ենք, շատ ոգևորող է և ես այդ ամենը ներկայացրել եմ Տոկիոյի իմ գործընկերներին: Տեսնելով դպրոցի առաջին հարկի վերանորոգման և կահավորման որակը` մենք որոշեցին գումար տրամադրել նաև երկրորդ հարկի համար, ինչի շնորհիվ այն ամբողջովին նոր և ժամանակակից կդառնա:

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` Լուսառատի դպրոցականների համար արված մեծ աշխատանքի համար և հավաստիացրեց, որ այսուհետ ևս ՀԿԽԸ-ի և մարզային իշխանությունների համագործակցությունը բարձր մակարդակի վրա կլինի:  

Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժինը դեռ 2008թ., ծրագրային գործունեության իրականացման  ընթացքում, Արարատի մարզում անցկացրել էր համայնքների խոցելիության և կարողությունների գնահատում:

Արդյունքում պարզվել էր, որ սահմանամերձհիմնականում փախստականներով բնակեցված  Լուսառատ համայնքի  դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, ինչն ուղղակիորեն անդրադառնում էր  կրթական գործընթացի որակի վրա:

Կարևորելով բարեկարգ պայմաններում դպրոցահասակ երեխաների բարձրորակ ուսուցման կազմակերպումը և խնդրի հրատապությունը` ՀԿԽԸ-ն նախաձեռնել էր միջոցների հայթաթման ակտիվ գործունեություն, որի նպատակն էր աջակցել դպրոցի վերանորոգմանը և ուսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լուսառատ համայնքի դպրոցի առաջին հարկի վերանորոգման  ծրագիր էր  ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը, որը դրական արձագանք էր ստացել` արժանանալով դրամաշնորհի:

Դպրոցի առաջին հարկի վերանորոգման ու կահավորման աշխատանքներն իրականացվեցին 2011թ. փետրվար-մայիս ամիսներին, և նույն թվականի սեպտեմբերի 1-ին կայացավ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա գտնվեցին ՀԿԽԸ նախագահը, ՀՀ Արարատի մարզպետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ