Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն տրամադրեց «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին:
ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա՝ տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց ընտանիքի 186 անդամներն ստացան միանվագ դրամական աջակցություն ՝ 42 700 ՀՀ դրամ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:
Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվեց 16 միլիոն 951 հազար 900 ՀՀ դրամ:
Դրամական օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ: