Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում ՀԿԽԸ Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի տարածքում ստեղծվել է «Արտակարգ իրավիճակների արձագանքման և հումանիտար աշխատանքների համակարգման» կենտրոն, որը 2018 թվականին տեխնիկապես վերազինվել է: Կենտրոնը եզակի է. համարվում է համայնքի աղետների կառավարման պահուստային կենտրոն:
Հայկական Կարմիր խաչի ընկերության պատվերով «Լոկատր» կազմակերպությունը (Ստեփանավանի օրինակով) ծրագիր է մշակել կենտրոնի համար, որը հնարավորություն է տալիս իրականացնել աղետների ռիսկերի ուսումնասիրություն, օրինակ՝ հաշվարկել սպառնացող վտանգի հնարավոր հետևանքները և այդ դեպքում անհարժեշտ արձագանքը:
-Տեխնիկական հագեցումից հետ մեր արձագանքի մեր հնարավորություններն աճել են: Սա շատ մեծ քայլ է աղետների կառավարման համակարգում, - ասում է ՀԿԽԸ Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ Արմեն Առաքելյանը: - Անհարժեշտ գործիքներ ունենք՝ լեռնափրկարարական, բարձր լեռնային գոտիներում, ձյան մեջ աշխատելու համար: Կա արհեստական պատ, որտեղ կամավորներն անցկացնում են վարժանքներ: Հնարավորություն ունենք, օրինակ, անհրաժեշտության դեպքում միացնել կամ անջատել քաղաքի լուսավորությունը՝ ամբողջությամբ կամ մասնակի։
Հայկական Կարմիր խաչի Ստեփանավանի տարածքային մասնաճյուղն առավել կենտրոնացած է աղետների կառավարման ոլորտի զարգացման վրա: Որոնողափրկարարական, համայնքների դիմակայունության բարձրացման և ԱՌՆ իրազեկվածության բարձրացման աշխատանքներ իրականացնում է 20 հոգուց բաղկացած կամավորական հատուկ փրկարար ջոկատը, որի կազմում բացառապես մասնագիտական գիտելիքներով զինված և հատուկ վերապատրաստում անցած փրկարարներ են: Նրանց շարքերում են նաև որակավորված մասնագետներ՝ միջազգային կարգի, երկրորդ կարգի փրկարարներ, որոնք ներգրավված են եղել դեռևս 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի փրկարարական և հետևանքների վերացման աշխատանքներում:
Նշված ծրագրի շրջանակներում կենտրոնը նաև դրոն է ձեռք բերել, որը նորություն է Հայաստանում:
- Դրոնի միջոցով ոչ միայն որոնում ենք իրականացնում, այլև բազմաթիվ այլ քայլեր, այն օրինակ՝ հնարավորություն է տալիս տուժածին 6-7 կգ ծանրոց հասցնել, որտեղ կարող են լինել առաջին օգնության պարագաններ, սնունդ, - շեշտում է Ա․ Առաքելյանը:
Կամավորական հատուկ փրկարար ջոկատը պատրաստ է աղետների դեպքում արագ արձագանքման: Ձմռանը, երբ ժայռից 14-ամյա երեխա էր ցած ընկել, ջոկատի կամավորները առաջիններից էին հասել օգնության: Համագործակցում են նաև Ստեփանավանի ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ, որտեղ ուսանողների համար վերապատրաստումներ են կազմակերպում։