Մայիսի 13-ին Հայկական Կարմիր խաչի (ՀԿԽԸ) ընկերությունը` «Անի Պլազա» հյուրանոցում, կազմակերպել էր «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի մեկնարկային հանդիպումը: Տարածաշրջանային ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության, Ավստրիական Կարմիր խաչի ընկերության և Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, իրականացվում է Արևելյան Գործընկերության վեց պետություններում` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս:
Ծրագրի մեկնարկային հանդիպմանը ներկա էր ավելի քան 30 մասնակից, այդ թվում` ազգային հասարակական կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների, ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև մարզային ինքնակառավարման մարմիններ ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկան ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը:
ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ բոլոր պետությունների պարտականությունն է իրազեկել հանրությանը կլիմայի փոփոխության մասին և հավելեց, որ Եվրոպական միությունը հետևելու է ծրագրի ընթացքին: ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը նշեց, որ կլիմայի փոփոխությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, և, որ Կլիմայի փոփոխությունը բացասական է ազդում մարդկային գործունեության բոլոր ոլորտների վրա:
ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ` Արամ Գաբրիելյանն ընդգծեց, որ այս տարածաշրջանի էկոհամակարգն առավել խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամաբ, Հայաստանում` հատկապես ջրային էկոհամակարգը և գյուղատնտեսությունը: Մասնագետի հավաստմամբ, տարբեր երկրներ ունեն տարբեր խոցելի ոլորտներ, հետևաբար հարմարվողականության միջոցառումները նույնպես տարբեր պետք է լինեն:
Առաջին մասից հետո, պրն. Գաբրիելյանը ներկայացրեց Կլիմայի փոփոխությունը Հայաստանում, որին հաջորդեցին քննարկումները: Այնուհետև, «Կլիամայի արևելյան հարթակ» ծրագրի համակարգողը ներկայացրեց ծրագիրը, իրագործման ժամանակացույցը, ինչպես նաև նախատեսված փոխըմբռնման հուշագիրը, որը պետք է ստորագրվի ՀԿԽԸ-ի և ծրագրի շրջանակներում ձևավորվող «Կլիմայի հայկական հարթակ» ցանցի անդամների միջև:
«Կլիմայի հայկական հարթակ» ցանցի գործունեության բարեհաջող մեկնարկը միաձայն հայտարարվեց կայացած:
Հանդիպման վերջին մասում քննարկվեց «Կլիմայի հայկական հարթակ» ցանցի գործողությունների պլանը: Բոլոր մասնակիցները համաձայնեցին իրենց մասնակցությունն ունենալ ծրագրի շրջանակներում ձևավորվող հարթակին, իսկ այդ մասնակցության ձևաչափը կներկայացնեն հունիսին կայանալիք հանդիպման ժամանակ: