Դեկտեմբերի 19-ին, Շիրակի մարզպետարանում հուշագիր ստորագրվեց ՀՀ Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ԱԻ աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական ծառայության և ՀՀ Շիրակի մարզի Անի, Ազատան, Ախուրիկ, Ամասիա, Անուշավան, Առափի, Արփի, Բենիամին, Մարմաշեն, Մեծ մանթաշ, Նոր կյանք, Պեմզաշեն, Սարապատ, Փանիկ գյուղական համայքների միջև:
Հուշագիրը ստորագրեցին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը և համայնքների ղեկավարները:
Հուշագրի համաձայն` ՀՀ Շիրակի մարզպետարանը պարտավորվում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Համայնքային կամավորական արձագանքման թիմերին ընդգրկել արտակարգ իրավիճակների արձագանքման մարզային պլանում, որտեղ հստակ ընդգծված կլինեն Հայկական Կարմիր խաչի ընկերության և Համայնքային կամավորական արձագանքման թիմերի դերը և պատասխանատվության շրջանակները: ՀԿԽԸ-ն ընդգրկված կլինի նաև ՀՀ Շիրակի մարզային ԱԻ հանձնաժողովի և Աղետների ռիսկի նվազեցման ՀՀ Շիրակի մարզային թիմի կազմերում: Շիրակի մարզեպտարանը կօժանդակի Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` նաև որպես ԱԻ ոլորտում մարդասիրական առաքելություն իրականացնող առաջատար դերակատարի, որն ունի տեղական և միջազգային համապատասխան արձագանքման կարողություններ` իր մարդասիրական առաքելության և աղետներին արձագանքման գործողություններում ներգրավված Հայկական Կարմիր խաչի ընկերության ուժերի աշխատանքների իրականացման հարցում և այլն:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` արդեն ներգրավված լինելով նշված պլաններում ու հանձնաժողովում, կազմակերպչական և փորձագիտական հարցերով (առաջին օգնություն, սոցիալ - հոգեբանական աջակցություն և այլն) կաջակցի ՀՀ ԱԻ նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից Համայնքային կամավորական արձագանքման թիմերի համար նախատեսված վերապատրաստման դասընթացներին, ուսումնավարժանքներին և այլ միջոցառումներին, կաջակցի ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի վերանորոգմանն ու կօգտագործի դրա կարողությունները` նպատակային ծրագրեր և միջոցառումներ իրականացնելու համար, արտակարգ իրավիճակներում կօգտագործի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային ցանցի կարողությունների «Որոնում» ծառայության գործողություններն իրականացնելու նպատակով` տուժածների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, մշակման և տուժածների ընտանիքներին դրանց տրամադրելու միջոցով և այլն: