Լանջիկ, Բագրավան, Ախուրիկ, Արեգնադեմ համայնքերը Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մոտ 40 աղբաման ստացան, որպեսզի կենցաղային աղբը չկուտակվի սելավատարները և ճանապարհների բանուկ հատվածներում։
Սելատավատարների խցանումը պատճառ է դառնում սելավների ու հեղեղումների, առաջացնում հակասանիտարական վիճակ։ Աղբահանության խնդիրը Շիրակի մարզի նշված, ինչպես նաև 9 այլ համայնքներում ի հայտ էր եկել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացված խոցելիության և կարողությունների գնահատման ժամանակ, որի ընթացքում շեշտը դրվել էր ոչ միայն աղետներին դիմակայելու կարողութունների բացահայտման, այլև առողջապահական, տնտեսական, սոցիալ-մշակութային խնդիրներ վերհանելու վրա։ Դրա մի մաս էր կազմում նաև համայնքերում փոքրածավալ կանխարգելման ծրագրերի իրականացումը։ Ծրագրերի շնորհիվ, վերանորոգվեց 796 բնակիչ ունեցող Շիրակավան համայնքի ջրահեռացման համակարգը, որը կնպաստի համայնքի բնակչության կենցաղային պայմանների բարելավմանը, կկանխի համաճարակների բռնկումը և զերծ կպահի բնապահպանական խնդիրներից: Համայնքն էլ իր հերթին պատրաստ է կատարել հողային աշխատանքներ, մաքրել դրդահորերը և խցանված կոյուղագծերը:
Բերդաշեն և Մեղրաշատ համայնքների բնակիչների համար էլ առաջնահերթ խնդիր էր փողոցային լուսավորությունը, քանի որ գիշերներն այստեղ թափառում են շներ, աղվեսներ, երբեմն էլ նույնիսկ՝ գայլեր։ Այս համայնքերում էլ նորոգվեցին փողոցային լուսավորության լամպերը։ Ջրաշեն համայնքը, որը կտրված է մարզկենտրոնից և տարվա 6 ամիսը ձմեռ է, բարձրացրել էր մշակույթի կենտրոնի կահույքի հարցը, քանի որ մարդիկ ժամանցի ու հավաքների համար այլ տեղ չունեն։ Կենտրոնին տրամադրվեցին սեղաններ, աթոռներ, շախմատ, նարդի և դոմինո։
Նշված համայնքներում բոլոր գործողություններն իրականացվել են Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում ծրագրի շրջանակներում։