Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Աղետներին արձագանքման, Առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր:
ՀԿԽԸ թիմը տեղում աջակցել է որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերել առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն:
Որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներում ներգրավված են եղել ՀԿԽԸ Երևանի, Վայոց ձորի, Տավուշի և Արարատի մարզերի աղետներին արձագանման կամավորական թիմերը, որոնք իրականացրել են հերթափոխ՝ աշխատանքների 24-ժամյա շարունակականությունն ապահովելու նպատակով: Ներգրավված թիմերի 43 անդամներն ունեցել են համապատասխան մասնագիտացված պատրաստվածություն և գույք՝ նշված գործունեությունն իրականացնելու համար:
Ընդհանուր առմամբ արձագանքման աշխատանքներում ներգրավված է եղել նաև ՀԿԽԸ 120-ից ավելի աշխատակից և կամավոր, այդ թվում՝ անձակազմի 24 անդամ, 20 առաջին օգնող, 6 հոգեբան և 30 աջակցող կամավոր:
Արձագանքի ընթացքում Առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 140 անձի, որոնք ունեցել են վերջույթների վնասվածքներ, ծխահարություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 150 անձի՝ տուժածների հարազատներին, ընկերներին, փրկարարներին, քաղաքացիներին և փրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին:
ՀԿԽԸ-ն, կամավորների միջոցով, արագ արձագանքման ծառայությունների աշխատակիցներին և ոստիկաններին, տարածքում գտնվող քաղաքացիներին, տուժածների հարազատներին տրամադրել են ջուր (ավելի քան 1000 շիշ), չոր սնունդ (ավելի քան 500 անձի), սառը սուրճ (մոտ 600 բաժակ), փրկարարական ձեռնոցներ (100 զույգ), դիմակներ` հորդորելով կրել և պահպանել անվտանգության կանոնները (մոտ 5000 անձի):
Դրանից բացի տարբեր անհատներ և կազմակերպություններ (Զովք, Պռոյեկտ ինտեր ինվեստ) նվիրաբերել են ավելի քան 1500 շիշ ջուր, մոտ 500 բաժակ սառը սուրճ, չոր սնունդ, քաղցրավենիք և 100 զույգ փրկարարական ձեռնոց, որոնք նույնպես տեղում բաշխվել են ՀԿԽԸ կամավորների միջոցով:
Օգոստոսի 21-ին, մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱԻՆ հրահանգով ավարտել է իր առաքելությունը Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում: