Մայիսի 8-ին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը նշում է մարդասիրական ամենամեծ շարժման օրը: Ամեն օր միլիոնավոր կամավորներ, հազարավոր աշխատակիցներ և գործընկերներ ամբողջ աշխարհում իրենց ներդրումն են ունենում մարդասիրության տարածման գործում՝ օգնելով և կյանք փրկող ծառայություններ մատուցելով իրենց համայնքներում ապրող մարդկանց:
Այս տարի Մայիսի 8-ը նշվում է «Մենք ամեն ինչ անում ենք #իսրտե» կարգախոսով:
Այնտեղ, որտեղ ճգնաժամ կա, ներկա է նաև Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի կամավորը՝ պատրաստ աջակցելու տուժածներին, որպեսզի նրանք արագորեն վերականգնվեն, դառնան ավելի դիմակայուն և ապրեն արժանապատվորեն։ Կամավորների նվիրումը երբեք չի սասանվում, նրանց կարեկցանքը սահմաններ չունի:
Հայկական Կարմիր խաչի ընկերության անձնակազմն ու կամավորներն իրենց համայնքներին աջակցում են հետևյալ ծառայությունների ու ծրագրերի միջոցով՝ տնային խնամք, առաջին օգնություն, դիմակայունության բարձրացում, աղետների ռիսկի նվազեցում, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, փախստականների պաշտպանություն և ինտեգրում, մարդասիրական արժեքների տարածում, արձագանք երիտասարդական հիմնախնդիրներին, մարդասիրական օգնության և սոցիալ – հոգեբանական աջակցության տրամարդում, կամավորական նախաձեռնությունների աջակցություն և այլն:
- Ամենածանր իրավիճակներում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի անձնակազմն ու կամավորները իրենց նվիրումն են բերում, կանգնելով ամենախոցելիների կողքին տեղական և ազգային մակարդակում՝ երբեմն վտանգի ենթարկելով սեփական կյանքն ու առողջությունը: Նրանք հիշեցնում են մեզ, թե ինչու մենք պետք է տարածենք մարդասիրություն և դրսևորենք բարություն, - ասում է ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը: - Այս դժվարին ժամանակներում, կորուստների և անորոշության մեջ, մեզ մնում է միայն հավատալ բարության ուժին:
- Թերևս չկա առավել գերագույն արժեք, քան մարդասիրությունն է։ Փոխադարձ հարգանքի ու համակարգված գործունեության վրա հիմնված մեր և Շարժման գործընկերների աշխատանքի նպատակն է նվազեցնել մարդկային տառապանքը՝ ձեռք մեկնելով հակամարտությունից, աղետներից ու այլ արհավիրքներից տուժած մարդկանց, - նշել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար Թիերի Ռիբոն։ - Հայաստանում ավելի քան երեսուն տարի մեր աշխատանքի ընթացքում ԿԽՄԿ-ն արձագանքել է հակամարտության առնչությամբ տարբեր մարտահրավերների։ Այս ջանքերի հետևում մշտապես եղել է անձնակազմի, Կարմիր խաչի կամավորների ու գործընկերների նվիրումն ու անխոնջ աշխատանքը հանուն հստակ նպատակի՝ մի փոքր հույս և մարդասիրություն բերել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժումը բաղկացած է Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայից և 192 Ազգային ընկերություններից՝ մոտ 15 միլիոն կամավորներով: Աշխարհում յուրաքանչյուր 524 հոգուց մեկը Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի կամավոր է: