Հոկտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն ընդունեց Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության նախագահ Բարբարա Բոշի գլխավորած պատվիրակությանը։
- Գերմանական Կարմիր խաչը առաջիններից մեկն է օգնության հասել Հայաստանին 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։ Այդ ժամանակ է, որ սկիզբ է առել մեր Ազգային ընկերությունների շարունակական համագործակցությունը, և այս տարիների ընթացքում՝ ի նպաստ մեր շահառուների իրականացված բազմաբնույթ ծրագրերը, նպաստել են նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության զարգացմանը, - ողջունելով հյուրերին՝ ասաց տիկին Եղիազարյանը։
Տիկին Բոշը՝ բարձր գնահատելով ՀԿԽԸ գործունեությունը սեպտեմբերի 24-ից տեղահանված անձանց մարդասիրական աջակցություն տրամադրելու ուղղությամբ, պատրաստակամություն հայտնեց քննարկելու Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից հնարավոր աջակցության ձևաչափերը։
Հանդիպման ավարտին տիկին Աննա Եղիազարյանը հյուրին նվիրեց ՀԿԽԸ 100-ամյակին նվիրված հուշամեդալ և ՀԿԽԸ պատմությանը նվիրված «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը։