«Իմ քայլը» հիմնադրամը, առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության սկզբունքով և ելնելով Հայաստանում COVID-19-ով պայմանավորված Արտակարգ դրության պայմաններում հիվանդության տեսակետից ռիսկային համարվող խմբերին շտապ աջակցելու անհրաժեշտությունից՝ որոշել է համատեղել իր ջանքերն ու ռեսուրսները Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ:
Երկու կազմակերպությունների՝ Պարետատան հետ համադրված ջանքերն ուղղված են Արտակարգ դրության պայմաններում խոցելի համարվող խմբերին աջակցություն ցուցաբերելուն։
Այս շաբաթվա ընթացքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սահմանած պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ կտրամադրվեն Արագածոտնի մարզի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձանց, որոնցից 351-ին՝ Հայկական Կարմիր խաչի կամավորական խմբերի, իսկ 70-ին Սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների միջոցով: Շահառուների ցանկը տրամադրել է Արագածոտնի մարզպետարանը:
Համայնքներում տնտեսական ակտիվությունը խրախուսելու նպատակով բոլոր փաթեթները ձեռք են բերվել տեղի տնտեսվարողներից: