Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) նախագահ Մխիթար Մնացականյանը և գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը նոյեմբերի 6-7-ին հյուրընկալել էին ԿԽՄՖ փոխնախագահ, Վրաստանի Կարմիր խաչի ընկերության նախագահ տիկին Նատիա Լոլաձեի գլխավորած պատվիրակությանը։
Տիկին Լոլաձեի այցի նպատակն էր ծանոթանալ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և 2023 թվականին տեղահանված անձանց մարդասիրական խնդիրների արձագանքին, քննարկել հետագա համագործակցությունն ուզարգացման պլանները։
Ընթացիկ ծրագրերը և ՀԿԽԸ զարգացման ծրագրերը քննարկվեցին նաև Հայաստանում և տարածաշրջանում գործող Շարժման այլ բաղկացուցիչների՝ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության, Ավստրիական, Շվեյցարական և Իտալական Կարմիր խաչերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
Հաջորդ օրը տիկին Լոլաձեն՝ տիկին Եղիազարյանի ուղեկցությամբ այցելեց Վայոց ձորի մարզ, որտեղ ծանոթացավ մարզային մասնաճյուղի գործունեությանը, Արենի համայնքում մասնակցեց ԿԽՄՖ Աղետներին արձագանքման ֆոնդի և ԱՄՆ ԶԳ աջակցության շրջանակներում տրամադրվող մարդասիրական օգնության բաշխմանը, իսկ վերադարձին ծանոթացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության Երևանի հանրակացարաններից մեկում գործող «Ժպիտների ակումբ» ծրագրի երեխաների առօրյային։
ԿԽՄՖ փոխնախագահը տպավորված էր ՀԿԽԸ գործունեության և ծառայությունների ծավալով և որակով։ Նա բարձր գնահատեց Ազգային ընկերության զարգացման ուղղությամբ գրանցած վերջին տարիների արդյունքները, որոնց վկայությունն է գործընկերների շրջանակի ընդլայնումը։