Օգոստոսի 21-ին Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի դպրոցում ՀԿԽԸ մարզային մասնաճյուղի կողմից կազմակերպվել էր լուսաբանման միջոցառում` աշակերտների և ուսուցչական անձնակազմի համար: Միջոցառմանը ներկա էին նաև ՀԿԽԸ գլխավոր գրասենյակի Լրատվական և լուսաբանման բաժնի աշխատակիցները, ԿԽՄԿ Հաղորդակցման մասնագետ Հասմիկ Գալստյանը:
Լուսաբանումն սկսելուց առաջ դպրոցի տնօրեն Գևորգ Մուքոյանը հյուրերին ցույց տվեց դպրոցի տարածքը, որտեղ Արևմտյան Հայաստանի գավառների անուններով կարասներ էին տեղադրված, դրանցից մի քանիսը հենց այնտեղից էլ բերվել են անցյալ դարասկզբին:
Գետաշենի դպրոցականները հնարավորություն ունեն իրենց սեփական միրգն ու բանջարեղենը մշակել, որոնք անմիջապես ճաշարան են ուղարկվում` ապահովելով նրանց առողջ սնունդը: Դպրոցն ունի նաև թոնիր:
Տնօրինության նախաձեռնությամբ ու ջանքերով մի քանի տարվա ընթացքում վերանորոգվել ու բարեկարգվել էին անմխիթար վիճակում գտնվող դասասենյակները, սանհագույցներն ու միջանցքները: Այնպես որ սահմանամերձ Գետաշենի երեխաներն այսօր կարող են սովորել ժամանակակից ու հարմարավետ պայմաններում: Լուրջ ուշադրություն է դարձվում նաև նրանց գեղարվեստական դաստիարակության համար` գործում են ձեռագործի, ծղոտագործության,պարի,շախմատի, նկարչության խմբակներ:
Երեխաները հյուրերին ողջունեցին Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների բեմադրությունների ցուցադրումով: Դրանից հետո ՀԿԽԸ Արմավիրի մարզային մասնաճյուղի լուսաբանման կամավորը ներկայացրեց ու մեկնաբանեց Կարմիր խաչի միջազգային շարժման պատմությունը, սկզբունքները, խորհրդանշաններն ու այսօրվա գործունեությունը: Այնուհետև մասնաճյուղի Առաջին օգնության կամավորները հանդես եկան ցուցադրական ելույթով` ներկայացնելով առաջին օգնության հիմունքները ուշագնացության, կոտրվածքի ու այրվածքի ժամանակ:Ելույթներից հետո երեխաները` Կարմիր խաչի կամավորների ու աշխատակիցների հետ քննարկեցին այսօր աշխարհի թեժ կետերում Կարմիր խաչի մարդասիրական գործունեությունը, հարցեր տվեցին Առաջին օգնության սկզբունքների վերաբերյալ: