Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին և ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին:
Հյուրերը նախագահ Սարգսյանին համառոտ ներկայացրել են Հայկական Կարմիր խաչի գործունեության ուղղություններն ու ծրագրերը: Նշելով, որ իրենց հիմնական գործընկերները տարբեր երկրների ազգային նմանատիպ կառույցներն են, որոնց աջակցությամբ բազմաբնույթ ծրագրեր են իրականացվում, Մխիթար Մնացականյանն ասել է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն 30 տարի հաջողությամբ համագործակցում է մասնավորապես Գերմանական Կարմիր խաչի հետ:
Գերմանիա իր առաջիկա պաշտոնական այցի ընթացքում Հանրապետության նախագահը հյուրընկալվելու է Գերմանական Կարմիր խաչին: Նախագահ Սարգսյանը նշել է, որ Գերմանական Կարմիր խաչի՝ հատկապես վերջին 30 տարիների գործունեությունը Հայաստանում վկայությունն է այն բանի, որ մարդասիրությունը սահմաններ չունի:
Լուսանկարները տրամադրել է ՀՀ Նախագահի աշխատակազմը