Մայիս ամիսն ավանդաբար համարվում է Կարմիր խաչի ամիս, քանի որ մայիսի 8-ին է նշվում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրը:
Այս տարի ևս մայիսն անցավ շատ ակտիվ, քանի որ իրազեկման ակցիաներ իրականացվեցին գրեթե բոլոր մարզերում՝ վարակների ու վիրուսների դեմ պատվաստումների խթանման, առողջ ապրելակերպի և, իհարկե, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման վերաբերյալ:
Մայիսի 8-20-ը իրազեկման միջոցառումներ և ակցիաներ իրականացրեցին ՀԿԽԸ Արմավիրի և Լոռու ՄՄ կամավորները, իսկ մայիսի 21-ին Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորները Առողջապահության նախարարության, Պարենի համաշխարհային ծրագրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՏԻՄ-երի և այլ միջազգային կառույցների հետ համագործակցութամբ, ՀՀ բոլոր մարզերում իրականցվող «Առողջ ապրելակերպ» ծրագրով մասնակցել են «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքին՝ անցկացնելով քայլերթ և իրազեկող արշավ՝ առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Թեմատիկ տաղավարներում ներկայացվեցին առողջ սննդակարգի, ֆիզիկական ակտիվ կյանքի, օգտակար սովորությունների անհրաժեշտությունն ու առավելությունները ամբողջ կյանքի համար։