Օգոստոսի 19-ին` Մարդասիրության համաշխարհային օրը, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից ճանաչվեց «Մարդասիրության հերոս»:
«Մարդասիրության հերոս» ճանաչվեցին նաև «Սպիտակ» և «Լոռէ» փրկարարական ջոկատները, «Հուսո տուն» բարեգործական կենտրոնը, «Առաքելություն Հայաստան» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները:
Օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակը Ստեփանավան քաղաքի ու յոթ հարակից համայնքների ավագ դպրոցի աշակերտների համար, կազմակերպել էր նաև ուսուցողական միջոցառում, որին աջակցում էին Վորլդ Վիժըն կազմակերպության Ստեփանավանի գրասենյակն ու Ստեփանավանի կենտրոնական գրադարանում տեղակայված ՄԱԿ-ի անկյունը։ Միջոցառման մասնակից աշակերտներին հյուրընկալել էր նաև «Լոռէ» փրկարարական ջոկատն իր տարածքում։ Ջոկատի կամավորների ցուցումներով դպրոցականները մասնակցեցին տարրական փրկարարական վարժանքների։ ՄԱԿ ՀՏՎ-ն չորս ամենաակտիվ Ագարակ, Գարգառ, Կուռթան և Վարդաբլուր համայնքների երիտասարդական խմբերին շնորհվեց «ՄԱԿ-ի բարեկամ – Հայաստան» վկայագրեր։
Այս տարվա Մարդասիրության համաշխարհային օրվա թեման է «Աշխարհն ավելի մեծ կարիք ունի մարդասիրության հերոսների»: Դրա նպատակն է արժևորել և գնահատել ամբողջ աշխարհում հումանիտար ոլորտի աշխատողների ջանքերն ու ձեռքբերումները: Նրանց պատմությունները պատմելու, ամբողջ աշխարհում մարդկանց մարդասիրական ոգին բարձրացնելու, աշխարհի` մարդասիրական օգնության ծայրահեղ կարիք ունեցող թեժ կետերի մասին իրազեկելու նպատակով ստեղծվել է www.worldhumanitarianday.org կայքը:
Աղետներին արձագանքման հարցերով Հայաստանում և Վրաստանում ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ազգային խորհրդական՝ Աշոտ Սարգսյանն իր ելույթում նշեց. «Մարդասիրական առաքելությունների հերոսական աշխատակիցները, որոնք խիզախորեն առաջ են մղվում՝ օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց, անհատույց նվիրվում են իրենց գործին, և միայն օգոստոսի 19-ին չէ, որ պետք է հիշենք ու գնահատենք նրանց հայրենանվեր աշխատանքը»:
Այսօր ամբողջ աշխարհում մարդասիրական օգնության կարոտ ավելի քան 60 մլն մարդ կա: Նրանց կարիքներն ահռելի են ու անընդհատ աճում են: Յուրաքանչյուրը կարող է գործել մարդասիրական ոլորտում, եթե նույնիսկ չի աշխատում ճգնաժամային գոտիներում: Այս արշավի նպատակն է գրավել հազարավոր սոցիալապես գիտակից այն քաղաքացիների ուշադրությունը, ովքեր ցանկանում են աշխարհն ապրելու համար ավելի լավ վայր դարձնել:
2008թ. ՄԱԿ-ի ընհանուր վեհաժողովն օգոստոսի 19-ը հայտարարեց Մարդասիրության համաշխարհային օր` նշանավորելով 2003թ. նույն օրը Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ռմբակոծության ժամանակ զոհված 22 աշխատակիցների հիշատակը: