Փետրվարի 21-ին, Արարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) Ցերեկային կենտրոնում տեղի ունեցավ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում նախատեսված կրթա-տեղեկատվական դասընթաց` «Բերանի խոռոչի հիգիենան» թեմայով, որին մասնակցեցին կենտրոն հաճախող նախադպրոցական և դպրոցական տարիքի շուրջ 30 երեխա:
«ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում ծրագրի շրջանակներում» Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ԱՀԹ Ցերեկային կենտրոնի շահառուներին աջակցում է սոցիալապես` տրամադրելով նրանց սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ:
Ծրագրի իրականացման այս փուլում սոցիալական աջակցությունը համալրվեց կրթական բաղադրիչով: Աշխատանքային թիմը, ունենալով երեխաների հետ աշխատելու հարուստ փորձ, առաջարկությամբ հանդես եկավ` աշխատել նաև կենտրոն հաճախող երեխաների հետ: Ստանալով կենտրոնի համաձայնությունը` անմիջապես սկսվեցին կրթական ծրագրի նախապատրաստական աշխատանքները:
«Բերանի խոռոչի հիգիենան» թեմայով դասընթացն անցկացրեց ծրագրի կրթական մասով պատասխանատու, բժիշկ-ստոմատոլոգ Եսթեր Չոբանյանը`անդրադառնալով բերանի խոռոչի խնամքի հիմնական կանոններին. ատամի խոզանակի և մածուկի ճիշտ ընտրությունից մինչև ատամնաբույժի մոտ այցելության հաճախականությունը:
Դասընթացի իրականացմանն աջակցում էին նաև ծրագրի հոգեբանը, Երիտասարդական կարմիր խաչի (ԵԿԽ) կամավորներն ու Ցերեկային կենտրոնի աշխատակիցները: ԵԿԽ կամավորների շարքում էր նաև Քամերունից ժամանած հյուրը`Լաուրան, որը համալրելով ԵԿԽ կամավորների շարքերը, վարում է տեղեկատվական քննարկումներ ԵԿԽ կամավորների համար` ՄԻԱՎ/ՁԻԱՀ թեմայի վերաբերյալ:
Հանդիպումն ավարտվեց երեխաների կողմից հնչած բազմաթիվ հարցերով, որոնք իրենց սպառիչ պատասխաններն ստացան մասնագետի կողմից: Երեխաներին տրամադրվեցին նաև հատուկ փաթեթներ` համապատասխան հիգիենիկ պարագաներով: