Գարիկ Ալավերդյանը բնակվում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, սովորում է Հրանտ Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում։ Նա շատ էր երազում մասնակցել ՖԼԵՔՍ ծրագրին։
- ՖԼԵՔՍ ծրագրի մասին լսել էի դեռևս ամռանը, որից հետո սկսեցի փնտրել այնպիսի կազմակերպություններ, որոնք կօգնեն ինձ հասնել իմ երազանքին, և փնտրտուքի ճանապարհին ընկերներիս խորհրդով հայտվեցի Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղում, - պատմում է Գարիկը։
Նա ներգրավվեց Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվող հմտություններ զարգացնող բազմաթիվ դասընթացներում, այդ թվում՝ անգլերենի ակումբում։
Ծրագրի մենթորների հետ աշխատանքի արդյունքում Գարիկը շուտով սկսեց հաճախել անգլերեն լեզվի ավելի խորացված դասընթացի, և 3 ամսում լեզվի իմացությունը զրոյից հասցրեց այն մակարդակի, որ կարողացավ դիմել ՖԼԵՔՍ ծրագրին։ Հաղթահարելով բոլոր 3 փուլերը՝ Գարիկն արդեն ծրագրի մասնակիցների շարքում է և հիմա պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ նոր երազանքների հետևից։