Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներ Ալլան ու Ռաիսան առաջին անգամ էին Գավառի երիտասարդական «REaDY» ակումբի մասնակիցների համար դասընթաց անցկացնում։ Թեման էր՝ «Երիտասարդները՝ վարքագծի փոփոխման դեսպաններ»։
Դերախաղերի միջոցով վեր հանվեց այն գաղափարը, որ առավել նրբանկատ և ուշադիր պետք է լինել դիմացինի հանդեպ, գիտակցել և կիրառել քաղաքակիրթ հաղորդակցման մոդելը՝ չնեղացնել, չվնասել մյուսներին, հիշել, որ մեր ցանկացած ոչ տեղին արտաբերած բառ, նախադասություն, շարժում կարող է վիրավորել մյուսին, հարցերին չնայել մեկ դիտակետից, կարևորել նաև դիմացինին և նրա տեսանկյունը։
Դասընթացն անցավ ինտերակտիվ մթնոլորտում. գործնական խաղերին հաջորդեցին ակտիվ քննարկումներ:
- Դասընթացի մատուցման ձևն ինձ շատ դուր եկավ, քանի որ մատչելի էր՝ ըմբռնելի բոլորի համար, - ասում է Գավառի «REaDY» երիտասարդական ակումբի անդամ Գևորգ Աֆրիկյանը:
- Ծանոթանալիս, երբ ներկայանում էինք նշեցի, որ մասնագիտությամբ իրավագետ եմ, և շատ կարևորում եմ նման թեմաններով քննարկումները, որովհետև ասոցացնում եմ օրենքի ուժի՝ հակակշռումների ու զսպումների մեխանիզմի հետ: Առանց վարքագծի բարձր մակարդակի մարդ չի կարող ամեն ինչ հաղթահարել, չի կարող առաջ գնալ: Մի խոսք կա, ասում են, կարևոր չէ, թե ինչ արագությամբ եմ քայլում, կարևորը, որ առաջ եմ քայլում: Իմ կարծիքով վարքագծի դասընթացը շատ կարևոր էր, - հավելում է Անահիտ Շահինյանը:
«ԵՄ հանուն երիտասարդության. աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակներում երիտասարդական ակումբներ հիմնվել են Իջևան, Դիլիջան, Սևան և Գավառ քաղաքներում, որոնք նպատակ ունեն կրթել երիտասարդներին, մրցունակ դարձնել աշխատաշուկայում: Մարզերի ընտրությունը կատարվել է ըստ կարիքների. Գեղարքունիքում շատ է արտագաղթը, իսկ Տավուշը՝ սահմանամերձ է: Այս մարզերում պոտենցիալը մեծ է, իսկ հնարավորությունները՝ քիչ:
Գավառի «REaDY» երիտասարդական ակումբն արդեն գործում է մեկ ու կես տարի, և Անահիտն այստեղ ակտիվ անդամ է համարվում: Այն 14-ից 30 տարեկանների համար է:
-Անդամակցելով ակումբին՝ շատ ընկերներ ձեռք բերեցի՝ թե՛ Երևանից, թե՛ հանրապետության մյուս մարզերից: Շատ կարևորում եմ «Ready» ակումբի համախմբվածությունը, ընկերասիրությունը, միասնությունը, այստեղի ուժն ու ոգին: Ակումբի շրջանակներում իրականացվող բոլոր հանդիպում-քննարկումները, դասընթացները շատ կարևոր և օգտակար են, քանի որ յուրաքանչյուրը զինում է նոր գիտելիքներով ու հմտություններով: Թույլ է տալիս անկաշկանդ շփում ունենալ և հետագայում շատ դժվարություններ հաղթահարել:
Մինչ ակումբի մեկնարկը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացրել է կարիքների գնահատում և աշխատաշուկայի գնահատում, ինչի արդյունքները հիմք են ծառայելու ծրագրի միջոցառումները համապատասխան ուղղություններով իրականացնելու համար:
- Ակումբի շրջանակներում իրականացրել ենք բազմապիսի դասընթացներ, օրինակ՝ մասնագիտական կողմնորոշման, անգլերեն լեզվի, հայոց լեզվի՝ 9-րդ դասարանի աշակերտների համար, սովորեցրել ենք օգտվել Excel, Word-ծրագրերից: Կազմել ենք բանավեճի թիմեր, որպեսզի երիտասարդներն ավելի ազատ խոսեն, իրենց մտքերն արտահայտեն:
Փորձում ենք համագործակցության եզրեր գտնել մարզում գործող գրեթե բոլոր ՀԿ-ների հետ: Ակումբի անդամներից Խորենը Բաղդասարյանը գնալու է Կոպենհագեն՝ մասնակցելու առաջնորդության դասընթացի, իսկ ես՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, նույնպես՝ դասընթացի, որից հետո պետք է ետ վերադառնանք և մեր փորձով կիսվենք երիտասարդների հետ, - ասում է «REaDY» երիտասարդական ակումբի լիդեր Սոֆի Կիրակոսյանը:
-Մենք ունենք անհատական զարգացման պլան: Յուրաքանչյուրի համար մշակում ենք այն. ո՞ր կետում են, ու՞ր են ուզում հասնել: Ունենք մենթորներ, որոնք ուղղորդում, օգնում են մենթիներին: ЕU4YOUTH-ն իրականացվում է չորս կազմակերպությունում, ու մենք գործընկեր կազմակերպությունների հետ մշտապես համագործակցում ենք, եթե լինում են անվճար դասընթացներ, ուղղորդում ենք մեր ակումբի անդամներին այնտեղ, - պատմում է ՀԿԽԸ աշխատակից, ԵՄ հանուն երիտասարդության աշխատունակության խթանման ծրագրի մարզային կորդինատոր Գայանե Աղումյանը:
Գեղարքունիքի մարզի երիտասարդական ակումբի ստեղծման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել քաղաքապետարանը՝ անվարձահատույց տրամադրելով՝ երկու լուսավոր սենյակ, ինչն էլ հիմք է դրել երկարժամկետ և արդյունավետ համագործակցության: