Մարտի 31-ին Հայկական Կարմիր Խաչի ընկերության կամավորները ու հանրակացարանաբնակ երեխաներն անսովոր ձևով ծանոթացան Երևանի հետաքրքիր վայրերին։
Մեկ ամիս տևած լարված թիմային աշխատանքից հետո կամավորները գծեցին Երևանի հետ ծանոթության Քվեստի քարտեզները։
Եվ ահա այդ օրը բոլորով՝ Օպերայի և բալետի ազգային թատրոնի շրջակայքից, շարժվեցին գտնելու Երևանի հայտնի ու անհայտ անկյունները։ Նրանք քայլեցին ճերմակաքար Կասկադից մինչև հայ մեծ գրող և փիլիսոփա Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, հասան Հայփոստ ու նամակ ուղարկեցին աշխարհի մեկ այլ ծայր։ Գտան ամենագունեղ ու արվեստաշունչ Սարյանի այգին, այնտեղ ծանոթացան նկարիչներին ու նրանց կտավներին։ Այնուհետև «գտան» Կարապի լիճն ու, անցնելով Հյուսիսային պողոտայով, ծանոթացան երաժիշտների հետ,դրանից հետո հայտնաբերեցին Երևանի միստիկ անկյուններից մեկը` Արամի փողոցի վրա գտնվող գաղտնի դռան հետևում գտնվող «կնոջը` երեխայի հետ»՝ Մոր ու մանկան արձանը։ Եթե որևէ մեկին հետաքրքիր է, թե որտեղ է դա, ինքներդ էլ կարող եք փորձել գտնել այդ գաղտնի դուռը։ Այս ճամփորդության ընթացքում լինելով շատ տեղերում և ամենախելացի կերպով կարողանալով հայթայթել բոլոր հուշումները, նրանք վերջապես հասան Անգլիական այգի, որտեղ նրանց էր սպասում փոքրիկների մյուս խումբը՝ կամավորների հետ։
Այգում բոլորը միասին շատ տարբեր խաղեր խաղացին, բայց նրանց բոլորի ամենասիրելի խաղը շարունակում է մնալ «աղջիկ փախցնոցին»։
Խաղի թեժ պահին այգում իրական նորապսակներ հայտնվեցին՝ լուսանկարվելու։
Կամավորները տեսան, որ երեխաներից ամենափոքրն արագ ինչ-որ տեղ շտապեց, նկատեցին, որ գնացել ու քայլում է հարսի և փեսայի կողքով: Երբ խնդրեցին, որ փոքրիկն իրենց մոտ վերադառնա, նա մտազբաղ պատասխանեց, որ հարսիկին է նայում, ու այդպես էլ կանգնած մնաց մինչև նրանց գնալը։
Քվեստի շնորհիվ երեխաները ծանոթացան Երևանի մշակույթին ու բնավորությանը։
Այդ օրվանից բազմաթիվ ջերմ ու հաճելի հիշողություններ կմնան բոլորի մոտ, բայց ամենակարևորը այն է, որ կամավորներն էլ ավելի մտերմացան երեխաների հետ։ Եվ մի՞թե դա չէ կարևորը։
Իզա Ալեքսանյան
ՀԿԽԸ կամավոր