- Այսուհետ հանդիպելու ենք շաբաթը մեկ կամ երկու անգամ։ Լինելու են տարաբնույթ խաղեր, թիմային աշխատանք, տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումներ, ճանաչողական այցեր, բանավեճեր, դասընթացներ ու ֆիլմերի դիտումներ, - «REaDY» ՍՔԱՅ ակումբի խմբավար, ՀԿԽԸ կամավոր Վահե Սալահյանը ողջունում է ներկաներին ու պատմում ակումբի հետագա գործունեության մասին։
Հայկական Կարմիր խաչի ընկերության «REaDY» ՍՔԱՅ ակումբի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ մայիսի 21-ին։ Հավաքվել էին ակումբի անդամները, որոնք հաջորդ մեկ տարում ոչ - ֆորմալ ուսուցման ֆորմատի միջոցով՝ համատեղելով կրթությունն ու խաղը, օգտակարն ու հաճելին, կհզորացնեն իրենց կարողություններն ու գիտելիքները՝ ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, աշխատունակության և սոցիալական ձեռներեցության ասպարեզում:
Հայտադիմումները սպասվածից անհամեմատ շատ են եղել: Այդ պատճառով ձևավորվել են երկու՝ համապատասխանաբար 20-ական մասնակիցներով խմբեր:
ՍՔԱՅ երիտասարդական ակումբների աշխարհագրությունը չափազանց լայն է․ միայն Հայաստանում ավելի քան 40 ՍՔԱՅ-ակումբ կա։ SKYE-Skills and Knowledge for Youth Economic Empowerment Club-ի նպատակն է աջակցել երիտասարդներին` ձեռք բերելու համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, և մասնակցություն ունենալու համայնքների կյանքին: ՍՔԱՅ-ի կարգախոսն է՝ «Սովորում ենք աշխատելով, աշխատում ենք՝ սովորելով»։
Ծրագիրը իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի համագործակցության շնորհիվ:
Վերջում ծրագրի համակարգող Վահեն գոչեց` Are you ready? մասնակիցները վանկարկեցին՝ It՛s time already.
Էլիզա Բալայան
ՀԿԽԸ կամավոր