Էնտուզիազմով, եռանդով լցված քսանամյա Գևորգ Աֆրիկյանը հասցրել է բազմաթիվ հաջողություններ գրանցել սպորտում, իրագործել իր նպատակները՝ շնորհիվ իր նպատակասլացության և պայքարող բնավորության: Աշխույժ է. անընդմեջ զբաղվում է ինքնակրթությամբ, լցնում իր օրը տարբեր գործերով: Ժպտալով նշում է, որ ընտանիքի անդամները, եթե իրեն տանը մեկ ժամից ավելի շատ են տեսնում հետաքրքրվում են ՝ «Կարո՞ղ է ինչ-որ բան է պատահել, որ դու տանն ես»: Իսկ ծանոթները միշտ հարցնում են՝ «Տղա ջան, դու հոգնել չունե՞ս»:
Ապրում է Գավառում, մասնագիտությամբ համակարգչային օպերատոր է, զբաղվում է ժայռամագլցմամբ, ազգային պարերով: Հպարտությամբ նշում է, որ հաղթահարել է բազմաթիվ բարձր կետեր: Բարձրացել է Կազբեկը, Արագածը, Հատիսը, Արա լեռը, Աժդահակը:
«Չհոգնելու» մասին Գևորգը ունի իր բացատրությունը՝ «Եթե դու մի բանի մեջ հոգի ես դնում, ունես որևէ նպատակ, ուրեմն հոգնել պետք է չունենաս, ու եթե քո նպատակը իրոք արդիական է, ու քեզ իրոք պետք է, որ դու դրան հասնես, ու դու պայքարում ես դրա համար, միանշանակ հասնելու ես: Գևորգն ունի նաև նշանաբան՝ «Կարողացել են բոլորը՝ կարող եմ նաև ես, չի կարողացել ոչ ոք՝ ես կլինեմ առաջինը»:
-Երբ ասում են «չեմ կարող», «չի ստացվի», այդ «չ»-երն են իրենց համար պատնեշ ստեղծում: Եթե մարդն իսկապես ինչ-որ բան սրտանց ցանկանում է, հաստատ հասնելու է, - ասում է Գևորգը։ - Եթե մարդ հստակ նպատակ ունեցավ, իր առաջ ինչ արգել էլ դնես, միևնույն է հասնելու է, բայց եթե ինքը չուզեցավ, դու հարթ ասֆալտով ճանապարհ էլ տաս՝ առանց բարդությունների, նա փնտրելու և ներկայացնելու է խոչընդոտներ՝ նպատակին չհասնելու պատճառներ:
Գևորգը Պարալիմպիկ ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն է: Երկու ձեռքերի բութ և ցուցամատ մատների վրա կատարել է «Հենում -ծալում» վարժություն 80 անգամ անընդմեջ՝ 1 րոպե ժամանակահատվածում՝ սահմանելով ռեկորդ և գրանցվելով Հայաստանի ռեկորդների ու ռեկորդակիրների գրքի «Դյուցազնագիրք» գրքում: «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր է: Ուժային եռամարտում սեղմում պառկած դիրքից վարժության մեջ հմտացած Գևորգը 6 տոննա 35 կգ ընդհանուր քաշով երեք մեքենան չորեքթաթ քաշել է, որը բացառիկ է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում ՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների շրջանում։
Հաջողությունների համար պարտական է իր թիկունքին կանգնած և միշտ սատարելու պատրաստ ընկերների և հարազատների մեծ բանակին: Գևորգը նշում է՝ իրեն ուժ են տալիս այն մարդիկ, ովքեր իր կողքին են ու հավատում են իրեն՝ ծնողները, մարզիչը՝ Արման Հայրապետյանը, Հայաստանի փաուերլիֆտինգի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը:
Կամավորություն....
Գևորգն ունի կամավորական աշխատանքի մեծ փորձ, սիրում է հաճախել տարբեր քննարկումների:
Գավառում գործող «Ready» ակումբի ակտիվ անդամներից է․
-Ակումբի դերը մեծ է, երբ գալիս ես ու տեսնում ես ակումբում երեխաների համախմբվածությունը հասկանում ես, որ գտնվում ես քո երկրորդ ընտանիքում։ Ակումբն ինձ համար, իմ երկրորդ ընտանիքն է, որովհետև ես այնտեղ շրջապատված եմ հարզաատ մարդկանցով, ու հուսամ շարունակական կլինի մեր այս կապը: ՈՒ այսպես կհասնենք բարձրունքների. մեր մարզում կաճի ակտիվ երիտասարդների թիվը: «Ռեդի» ակումբն ինձ տվեց լավ ընկերներ, մեծացրեց իմ շրջապատը, որը կյանքում ամենակարևոր բաներից մեկն է, թարմացրեց գիտելիքներս, զինեց նոր գիտելիքներով:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագրի շրջանակներում Իջևան, Դիլիջան, Սևան և Գավառ քաղաքներում հիմնվել են երիտասարդական ակումբներ, որոնք նպատակ ունեն կրթել երիտասարդներին, մրցունակ դարձնել աշխատաշուկայում:
Լուսանկարները` անձնական արխիվից