Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը՝ մարդասիրական ոլորտում, ՀՀ կառավարության՝ մասնավորապես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տուժած և ներքին տեղահանված բնակչությանը՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, Առաջին օգնության դասընթացների և պայուսակների տեսքով:
Առաջնային արձագանքին զուգահեռ ՀԿԽԸ-ն` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ միասին, իրականացրել է ռազմական հակամարտության հետևանքով ներքին տեղահանվածների մարդասիրական կարիքների արագ գնահատում՝ համապատասխան արձագանքը շարունակելու համար։
Տուժած համայնքներում անցկացվել են Ականների և չպայթած զինամթերքի վերաբերյալ իրազեկման, ինչպես նաև Անվտանգ վարքագծի դասընթացներ:
Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի Ջերմուկի թիվ 2 միջնակարգ դպրոցում և Սյունիքի մարզի Գորիս համայնքի թիվ 6 հիմնական դպրոցում մեկնարկել է կրթական ծրագիր, որի շրջանակներում հիմնվել են երեխաների զարգացման կենտրոններ: Հատուկ վերապատրաստված ՀկխԸ մարզային և համայնքային մասնաճյուղերի կամավորները կիրականացնեն ամենօրյա դասապատրաստումներ, արտադասարանական խմբակներ, սոցիալական և մշակութային միջոցառումներ, կարողությունների զարգացմանը և աշխարհայացքի ձևավորմանն ուղղված թեմատիկ քննարկումներ:
Դեկտեմբերի 12-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հետ համագործակցությամբ, տրամադրել է միանվագ դրամական աջակցություն 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ խոցելի իրավիճակում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն և Ճակատեն, և Գեղարքունիքի մարզի Կուտական, Տրետուք, Ներքին Շորժա և Սոթք համայնքների բնակիչներին: Ընդհանուր թվով 459 ընտանիք (1565 անձ) ստացել է 150.000-ից 362.000 ՀՀ դրամ՝ ընտանիքի անդամների թվի հաշվարկով:
Համապատասխանաբար՝ մեկ անձից բաղկացած ընտանիքին տրամադրվել է 150.000 ՀՀ դրամ, երկու անձից բաղկացած ընտանիքին՝ 215.000 ՀՀ դրամ, երեք անձից բաղկացած ընտանիքին՝ 264.000 ՀՀ դրամ, չորս անձից բաղկացած ընտանիքին՝ 313.500 ՀՀ դրամ, իսկ հինգ և ավելի անդամից բաղկացած ընտանիքներին՝ 362.000 ՀՀ դրամ։
Այսպիսով, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդանուր առմամբ տրամադրել է 338 692 887 ՀՀ դրամի՝ մոտ 846 732 ԱՄՆ դոլարի աջակցություն: Ծրագրին նախորդել է կարիքների գնահատումը, որն իրականացվել է ԿԽՄԿ-ի կողմից՝ տեղական իշխանությունների համակարգմամբ։ Այնուհետև ԿԽՄԿ և ՀԿԽԸ թիմերը գրանցել են նշված համայնքներում շահառու ընտանիքներին։
ՀԿԽԸ-ն անընդհատ համալրում է Թեժ գծերով դիմող քաղաքացիների տվյալների բազան՝ այն փոխանցելով նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Առաջնային կարիքի հաշվառման հարթակ:
ՀԿԽԸ հոգեբաններն առերես (Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տարածքում, Վարդենիսում, Մարտունիում), առցանց (Խնձորեսկ, Կոռնիձոր, Տեղ, Սոթք, Մեծ Մասրիկ) և Թեժ գծի միջոցով (ՀՀ բոլոր մարզեր) հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր և զոհված զինծառայողների հարազատներին և տեղահանված ընտանիքներին։
Հոգեբանական աջակցության համար մեր մասնագետներին կարելի է դիմել հետևալ հեռախոսահամարներով՝ 8184, +374 60 627070։
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------