Լուսինեն՝ երիտասարդ կին, որը ստիպված էր լքել իր տունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, կանգնած էր ապագայի անհայտության առաջ։ Նա երկու անգամ տեղահանվեց՝ 2020-ին Շուշիից Ստեփանակերտ, իսկ 2023-ի սեպտեմբերին ՝ նորաստեղծ ընտանիքով դարձան ՝120,000 տեղահանվածներից մեկը։
Սկզբում Լուսինեի մեծ ընտանիքը դժվարությամբ էր գտնում կայուն եկամտի աղբյուր, ապրում էին 40 հոգով ժամանակավոր կացարանում՝ սահմանափակ պայմաններով։ Առաջին ցնցումներից հետո ընտանիքը հաստատվեց Արտաշատում՝ բնակարան վարձելով պետության աջակցության շնորհիվ։ Չնայած բարելավումներին՝ Լուսինեի երազանքները ավելի լավ կյանքի մասին դեռևս չէին իրականացել։
Այնուամենայնիվ, ամեն ինչ փոխվեց, երբ Լուսինեն կապ հաստատեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ՝ տեղահանվածների համար նախատեսված թեժ գծի միջոցով։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսամակարդակի և բարեկեցության ապահովում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրոպական միության և Ավստրիական Կարմիր Խաչի աջակցությամբ Լուսինեի ընտանիք այցելեց դեպք վարող մենեջերը։
Վերջինս ծանոթացավ ընտանիքի պատմությանը, լսեց նրանց խնդիրները և առաջարկեց համապարփակ աջակցության ծրագիր։ Հատուկ ուշադրություն դարձնելով Լուսինեի սկեսուրի առողջական խնդիրներին՝ դեպք վարողը կազմակերպեց նաև հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն (MHPSS), որը տրամադրվում է նույն ծրագրի շրջանակում։
Լուսինեի կարի հանդեպ սերը ակնհայտ էր, սակայն նա չուներ միջոցներ և հմտություններ այդ գործն իր եկամտի աղբյուր դարձնելու համար։ Դեպք վարողի աջակցությամբ Լուսինեն ծանոթացավ ԵԽՀ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ձեռնարկատիրական ծրագրերին և ընդգրկվեց «Թիչմի» մասնագիտական վերապատրաստման դասընթացում, որը ոչ միայն բարելավեց նրա կարի հմտությունները, այլև տրամադրեց բիզնեսի վերաբերյալ կարևոր գիտելիքներ, այդ թվում՝ սոցիալական մեդիայի մարքեթինգ։ Մի քանի ամսում Լուսինեն սկսնակ դերձակից դարձավ հմտացած մասնագետ։ «Աշխատանքը օգնում է հաղթահարել սթրեսը, դա իմ համար աշխատանքային թերապիա է», — ասում է Լուսինեն՝ ներկայացնելով իր արտադրանքը։
Դեպք վարողը պահպանում էր մշտական կապ, տրամադրում խորհրդատվություններ ու աջակցություն։ Երկու ամսում Լուսինեն ավարտեց սոցիալական մեդիայի մարքեթինգի (SMM) դասընթացը և դեպք վարողի խորհրդով «Կլոր սեղան» հիմնադրամից համակարգչի փոխարեն ստացավ կարի մեքենա։
Տրամադրված մասնագիտական գործիքը դարձավ Լուսինեի ձեռնարկատիրության առաջին քայլը։ Շարունակական աջակցության և մենթորության շնորհիվ Լուսինեն սկսեց փոքր կարի բիզնես՝ տրամադրելով հագուստի ձևման և վերանորոգման ծառայություններ։ Բացի այդ, որպես ստեղծագործ մարդ, նա իր հոգու ճիչը արտահայտում էր նաև նկարներով և կավի մոդելավորմամբ՝ արտացոլելով կորած հայրենիքի կարոտն ու ցավը։ «Այո, վերքերս դեռ թարմ են, հիշողություններս վառ են, բայց հույսի վերադարձը միաժամանակ ուժ է տալիս և ծանրացնում է հոգիս», —հուզված արտահայտվեց նա։
Լուսինեն սկսեց ստանալ պատվերներ, որոնք եկամուտ բերեցին։ Թվային մարքեթինգի հմտությունները օգնեցին նաև ընդլայնել առցանց հաճախորդների շրջանակը։ Տեղահանությունից ձեռնարկատիրություն անցնելու նրա ուղին դարձել է համայնքի ներշնչման աղբյուր՝ ցույց տալով, որ աջակցության ու վճռականության դեպքում հնարավոր է կյանքը նորից սկսել։
Այսօր Լուսինեն ոչ միայն կարողանում է ֆինանսապես աջակցել իր ընտանիքին, այլև համայնքին մատչելի կարի ծառայություններ է մատուցում։ Նրա հաջողությունը ապացույց է թե ինչպես կարող է ճիշտ աջակցությունը հզորացնել մարդու ներուժը և ինչ կարևոր դեր ունեն Հայկական Կարմիր Խաչի նման մարդասիրական կազմակերպությունները մարդկանց կյանքեր փոխելու գործում։
Լուսինեի պատմությունը հույսի փարոս է շատ տեղահանվածների համար և ընդգծում է համայնքային աջակցման ազդեցությունը, հմտությունների զարգացման հնարավորությունները և մարդու ոգու աննկուն ուժը։ Նրա ճանապարհը ցույց է տալիս, թե ինչպես կարող են երազանքները իրականություն դառնալ ճիշտ աջակցության միջոցով։
Եվրոպական միության մարդասիրական օգնության և Ավստրիական Կարմիր Խաչի ֆինանսական աջակցությամբ այս ծրագիրը տրամադրում է անհատական և խմբային հոգեբանական աջակցություն մոտ 10,000 մարդու, 500 ուսուցիչ անցել են երեխաների պաշտպանության և հոգեբանական առաջին օգնության դասընթացներ, հիմնվել են 6 անվտանգ «Սմայլի ակումբ» երեխաների համար, 2850 հոգի ստացել է դրամական , իսկ 1000 անձ կենսապահովման աջակցություն՝ ներառյալ խորհրդատվություն, աշխատանքի փնտրման աջակցություն և ուղորդումներ։