Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ, դեկտեմբերի 9-ին կազմակերպեց «Փախստականների պաշտպանությունը և ինտեգրումը Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգում» խորագրով աշխատաժողով, որին մասնակցում էին պետական և ոչ-պետական կառույցների՝ Միգրացիոն ծառայության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, փախստականների պաշտպանության և ինտեգրման ծրագրերով զբաղվող գործընկեր ՀԿ-ների, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի մոտ 40 ներկայացուցիչներ:
Աշխատաժողովի նպատակն էր ամփոփել Երևանում և մարզերում ՄՍԾ սոցիալական աշխատողների իրազեկվածության բարձրացման և կարողությունների զարգացման ոլորտում Հայկական Կարմիր խաչի ընկերության 2022-2023թ․ գործունեությունը, մտքեր փոխանակել փախստականների սոցիալական ծառայությունների և կենսաապահովման միջոցների հասանելիության դյուրացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել Հայաստանում ակնկալվող ընթացիկ օրենսդրական և սոցիալական բարեփոխումների և փախստականների պաշտպանության այլ ոլորտների՝ ներառյալ բնակարանային, սննդի անվտանգության, առողջապահության, կրթության և զբաղվածության հարցեր:
- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը տարիներ ի վեր ներառված է եղել Փախստականների պաշտպանության ոլորտի հետ առնչվող բոլոր պետական և ոչ պետական կառույցների կարողությունների զարգացման գործընթացում։ Աշխատաժողովը կազմակերպվել է, հաշվի առնելով 2023թ․ Հայաստանում ակնկալվող օրենսդրական փոփոխությունները, և հետագա ծրագրերում Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման գործառույթի շարունակական կարևորությունը, - նշեց ՀԿԽԸ Բնակչության տեղաշարժի բաժնի ղեկավար Հասմիկ Խաչատրյանը:
Միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը խոսեց 2023 թ․ նախատեսվող օրենսդրական փոփոխությունների մասին, ներառյալ Ներքին գործերի նախարարության շրջանակներում միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձևավորումը։ Պարոն Ղազարյանը տեղեկացրեց նաև Միգրացիոն ծառայությունից դեպի ՄՍԾ և ԱՍՀՆ սոցիալական աջակցության գործառույթների փոխանցման, մասնավորապես՝ փախստականների, ապաստան հայցողների և վերադարձողների սոցիալական ապահովության և ինտեգրման ուղղությամբ:
- Շնորհակալ ենք Հայկական Կարմիր խաչի ընկերությանը աշխատաժողովի կազմակերպման և փախստականների պաշտպանության և ինտեգրման խթանումը միգրացիայի և սոցիալական պաշտպանության ընթացիկ բարեփոխումների ոլորտում ներառելու հարցում ՄԱԿ ՓԳՀ-ին աջակցության համար, - ասաց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի Իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արջուպինը։ Նա նաև կարևորեց Երևանում և մարզերում սոցիալական աշխատողների և այլ ծառայություններ մատուցողների իրազեկվածության բարձրացմանն ու կարողությունների ամրապնդմանն ուղղված միջոցառումները առողջապահության, երեխաների պաշտպանության, գենդերային բռնության, կրթության և կենսաապահովման հարցերում։
Աշխատաժողովի ընթացքում հնչած առաջարկները և վերհանված կրթական կարիքները հաշվի կառնվեն և կներառվեն մասնակից կազմակերպությունների հետագա ծրագրերում և գործունեության մեջ։