Նոյեմբերի 11-ին, ժամը 10:00 - 17:00-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից՝ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ համագործակցությամբ, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԱԻՆ քաղպաշտպանության ստորաբաժանման տարածքում Տավուշի մարզի տասը սահմանամերձ գյուղերի քաղպաշտպանության թիմերի միջև անցկացված Առաջին օգնության մրցումներում լարված պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց և 1-ին մրցանակ ստացավ Ոսկեվանի թիմը, 2-րդ տեղում էր Պառավաքարը, 3-րդը՝ Բերդավանը:
Ազատամուտ, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Կոթի, Սարիգյուղ, Ոսկեվան, Բերդավան և Այգեպար համայքների քաղպաշտպանության թիմերի՝ ընդհանուր առմամբ 205 մարդու համար, այս տարվա օգոստոս - սեպտեմբեր ամիսներին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱԻՆ, ԿԽՄԿ և ՀԿԽԸ համագործակցության շրջանակներում, անցկացրել էր Առաջին օգնության դասընթացեր: Մրցումները հնարավորություն տվեցին իրականին մոտ պայմաններում կիրառել և ստուգել դասընթացների ժամանակ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները:
Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև ստորագրվեց «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. Համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագիր: Ծրագրի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Նախատեսվում է նաև վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքների մանկապարտեզների և դպրոցների մանկավարժական կազմի հետ, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին սովորեցնեն երեխաներին անվտանգության վարքականոնները տարատեսակ աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ: Բնակչության պաշտպանության և պատրաստվածության դասընթացների կարևորագույն բաղադրիչներից է նաև միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցանումը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: