Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:
Առաջին օգնության համաշխարհային օրվա այս տարվա թեման դպրոցներում առաջին օգնության հասանելիությունն է բոլոր երեխաների համար՝ թե հեռավոր համայնքներում, թե՝ մայրաքաղաքներում՝ «Եղիր հերոս քո դպրոցում և համայնքում» խորագրով։ Երեխաները, ուսուցիչներն ու ծնողները պետք է տիրապետեն այդ գիտելիքներին՝ ավելի պատրաստված, դիմակայուն լինելու, իրենց և իրենց մտերիմներին անհրաժեշտության դեպքում օգնելու համար։
Այդ կապակցությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սեպտեմբեր ամսվա ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում և հանրային վայրերում կկազմակերպի իրազեկման միջոցառումներ և ցուցադրական դասընթացներ։ Միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին Սյունիքում, Լոռիում և Շիրակում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ամեն տարի վնասվածքների պատճառով մահանում է 950 000 երեխա։
Արդեն երկար տարիներ է, ինչ Առաջին օգնությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է:
ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ է իրականացնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար՝ արտակարգ իրավիճակներից և դժբախտ պատահարներից բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակով: ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակմանը:
Ամեն տարի ամբողջ աշխարհում Ազգային ընկերություններն ուսուցանում են ավելի քան 20 միլիոն մարդու։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Հայաստանում իրականացնում է ԱՕ բոլոր դասընթացների 83 տոկոսը։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: