- Արմինեն, Նարինեն, Անուշիկը իմ աղջիկներն են, այնքան դաստիարակված են, գրագետ, կիրթ, լուրջ: Ես իրենց շատ եմ սիրում, միայն իրենց հետ եմ շփվում, իրենք իմ ընտանիքն են: Կարմիր խաչից էլ շատ գոհ եմ:
Այս բառերը մեր խոսակցության ընթացքում անընդմեջ ու երախտագիտությամբ կրկնում էր Աննա Սորոկինան: Ծնվել է Լենինգրադում, տասը տարեկանում, 1941 թվականին՝ էվակուացիայի ժամանակ, մոր հետ եկել է Հայաստան: Այդ օրվանից Հայաստանը դարձել է իր երկրորդ հայրենիքը: Լավ հասկանում է հայերեն, սակայն նախընտրում է խոսել ռուսերեն: Ստացել է միջին մասնագիտական կրթություն՝ ավարտելով տեխնիկումը: Երկար տարիներ աշխատել է քիմկոմբինատում՝ որպես տնօրենի քարտուղար: Ամուսնացել է, բայց միայնակ մեծացրել որդուն, ուսման տվել: Որդին ռազմական օդաչու է, այժմ թոշակառու է՝ 65 տարեկան, բնակվում է Ռուսաստանում: Իսկ տիկին Աննան արդեն 88 տարեկան, ապրում է Վանաձորում՝ միայնակ, մի շարք հիվանդություներով. ունի մշտական խնամքի կարիք:
Արդեն երեք տարի է ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերության «Համայնքների ինտեգրացված տնային խնամք և առողջ երկարակեցություն» ծրագրի շահառու է: Տնային խնամողը, որը նաև մասնագիտությամբ բուժքույր է, օգնում է տիկին Աննային կենցաղային տարբեր գործերում, իսկ ավագ բուժքույրը՝ առողջական խնդիրների հարցում: Տիկին Աննան այստեղ ևս օգնում է բուժքույրներին՝ ամեն օր չափելով իր զարկերակային ճնշումը և գրանցելով սեղանին դրված տետրում:
- Տաթևիկի հետ շատ հետաքրքիր է զրուցելը բժշկական թեմաներով: Իրենք ինձ օգնում են ամեն ինչում. լվացքն են հավաքում, արդուկում, խանութ են գնում, այն ինչ ես խնդրում եմ իրենք անմիջապես անում են: Ես իրենց շատ եմ սիրում, կարծես իրենք իմ աղջիկները լինեն: Շատ լավ է որ կա այսպիսի հումանիտար կազմակերպություն, առանց իրենց ես չգիտեմ ՝ինչպես կապրեի, իրենք ինձ շատ բաներում են օգնում: Մեծ օգնություն է, ինչ էի ես առանց իրենց անելու: Եղել է դեպք, երբ ատամներիս սաստիկ ցավի պատճառով, այտս ուռել էր, տաքությունս բարձրացել, Նարինեն՝ ավագ բուժքույրը, երեկոյան ժամը 9-ին ինձ բերել և ներարկել է ցավազրկող: Ինչպե՞ս չսիրել և գոհ չլինել, իրենք օգնում են մեզ՝ միայնակ տատիկներիս ամեն ինչով:
Անմնացորդ ջերմության և հոգատարության շնորհիվ խաչի կամավորներն ու անդամները դարձել են միայնակ, խնամքի կարիք ունեցող տարեցների ամենահարազատ մարդիկ, որոնց այցին միշտ անհամբեր սպասում են: