Մայիսի 14-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գրասենյակում էին Շվեյցարականի Կարմիր խաչի և Ժնևի Պարահանդեսի կոմիտեի ներկայացուցիչները, որոնց ընդունեց Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ Դանիա Սամավին, Աբսա Կանեն, Մարիանե Մազուո-Հադդադտը, Ջերալդին Ռուֆենախտը, Ռահեկ Ադորը, Քրիստինա Վիլյամսոնը, Ժենեվիեվ Բովետը և Ռեմո Նագելին Հայաստան էին եկել ծանոթանալու Հայկական Կարմիր խաչի ընկերության՝ Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև հանդիպումներ ունենալու ՀՀ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների, Նիկոլա և Քրիստինա Ազնավուրների, ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի և այլ շահագրգիռ կողմերի հետ։
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ երկրում իրականացվող մարդասիրական ծրագրերին և հետագայում աջակցել դրանց՝ այդ նպատակով դրամահավաքներ կազմակերպելով Շվեյցարիայում։
Ողջունելով հյուրերին և ներկայացնելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեությունը, ձեռքբերումներն ու դժվարությունները՝ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ասաց․
- Ողջունում եմ Շվեյցարական Կարմիր խաչի հետ համագործակցությունը, որն սկսվել է 1988 թվականից, սակայն առավել կուզենայի նշել վերջին 4 տարիների համագործակցությունը՝ հատկապես կազմակերպության զարգացմանը, Ռեսուրսների մոբիլիզացմանը և մարզային մասնաճյուղերի զարգացմանը։ Մեծ ձեռքբերում էր տնային խնամքի նոր մոդելի ներդրումը, որը մեծապես նպաստել է Ազգային ընկերության զարգացմանը, և կօգնի, որ հետագայում կարողանանք ապահովեն կայունությունը։ Պետք է նշեմ, որ կարիքները միշտ էլ ավելին են, քանի հնարավորությունները, այնպես որ միշտ աշխատում ենք ռեսուրսների հայթայթման ուղղությամբ։ Շնորհակալ եմ Հայաստանին օգնելու ձեր պատրաստակամության համար։
Հյուրերը հարցեր ուղղեցին մասնավորապես Հայկական Կարմիր խաչի ընկերության ֆինանսական աղբյուրների, Սփյուռքի կողմից հնարավոր աջակցության, պետական ռազմավարությունների մշակմանը մասնակցության մասին։
Այնուհետև նրանք հանդիպեցին ՀԿԽԸ բաժինների ղեկավարների հետ, որոնք ներկայացրեցին կազմակերպության համապատասխան ուղղություններով արվող աշխատանքները և պատասխանեցին պատվիրակության անդամների հարցերին։
Շվեյցարական պատվիրակությունը մասնակցեց նաև մայիսի 16-ին Երևանի Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրվան։