2011թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը Ժնևում կայացավ աշխարհի ամենալայնածավալ մարդասիրական համաժողովը: 4 տարին մեկ տեղի ունեցող միջոցառումը համախմբել էր Ժնևյան կոնվենցիաների անդամ պետությունների, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին:
Համաժողովին ՀԿԽԸ-ն ներկայացրեցին Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Մարիանա Հարությունյանը: Միջազգային համաժողովի ընթացքում Շարժումը համակարգող համաձայնագիր ստորագրվեց ՀԿԽԸ-ի, ԿԽԿՄՄՖ-ի և ԿԽՄԿ-ի միջև:
Կայացած հանդիպումների ժամանակ երկարատև համագործակցության համաձայնագիր ստորագրվեց նաև Կարմիր խաչի թանգարանի հետ:
Հանդիպումների շրջանակներում ՀԿԽԸ-ին շնորհվեց ԿԽԿՄՄՖ երիտասարդական պարգև` «Թվային կամուրջ – հաղորդակցության ապահովում տեխնոլոգիաների միջոցով» անվանակարգում` իր «Կարճ հաղորդագրության թեժ գիծ» ծրագրի համար: Պարգևը շնորհվեց կանոնադրական հանդիպումների ընթացքում` պաշտոնական պարգևատրման արարողության ժամանակ:
ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը Միջազգային համաժողովի ժամանակ ներակայացրեց զեկույց` Աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ համայնքային մակարդակում իրականացվող իրազեկման փորձի և այդ ուղղությամբ կիրառվող մեթոդների ու մոտեցումների վերաբերյալ: Հանդիպմանը ՀՀ Կառավարությունը ներկայացնում էին ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների մշտական առաքելության խորհրդական Գևորգ Քոչարյանն ու առաքելության տեղակալ Սաթենիկ Աբգարյանը:
ՀԿԽԸ-ն և ՀՀ Կառավարությունը համատեղ պարտավորություն են ստանձնել հզորացնելու տեղական մարդասիրական գործողությունները և օժանդակելու երկրում աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործմանը:
ՀՀ Կառավարությունը` ի թիվս մի շարք այլ պետությունների ու Ազգային ընկերությունների ստանձնել է ՄՄԻ հզորացնելու երկու պարտավորություն, որոնք պետք է իրագործվեն մինչև 2015թ. վերջին կայանալիք հաջորդ համաժողովը: