Դեկտեմբերի 16-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան-հանդիպում, որը նվիրված էր ընկերության Որոնում ծառայության խնդիրներին:
Հանդիպմանը ներկա էին ոլորտում գործող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` ՀՀ Սփյուռքի, Արդարադատության և Արտակարգ իրավիճաների նախարարություններից, ՔԿԱԳ-ից, Ոստիկանության ԱՎՎ-ից, Միգրացիոն պետական ծառայությունից, ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից:
Կլոր սեղանի նպատակն էր պետական համակարգն ու այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել և պարզաբանել Որոնում ծառայության գործառույթներն ու գործունեության շրջանակը:
ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ողջունելով նման ձևաչափով հանդիպումը, նշեց.
-Հայկական Կարմիր խաչի ընկերության համար չափազանց կարևոր է պետական կառույցների աջակցությունը` Որոնման գործընթացն արդյունավետ կազմակերպելու գործում, և մենք շնորհակալ ենք, որ այս տարիների ընթացքում մեր կողքին եք եղել` օգնելով Որոնում ծառայությանը:
Կլոր-սեղան հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայկական Կարմիր խաչի ընկերության ուղղությունները, Որոնում ծառայության գործունեության 2013թ. ամփոփումը, Ընտանեկան կապերի վերականգնման ռազմավարության երեք հիմնական նպատակները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Կարմի խաչի ու Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի և Ազգային ընկերությունների դերն այդ բնագավառում: ԿԽՄԿ Որոնման պատասխանատու Սուսաննա Գասպարյանը ներկայացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Որոնում ծառայության գործունեությունը, առանձնահատկություններն ու տարբերությունները: