Ապրիլի 14-ին, ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Քաղաքային այգում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և Արմավիրի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, «Սատարում անհայտ կորած անձանց ընտանիքներին» ծրագրի շրջանակներում նախաձեռնել էր ծառատունկ, որի նպատակն էր «Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Արմավիրի մարզի անհայտ կորած անձանց հիշատակին նվիրված պուրակի» ստեղծումը:
Այգում` անհայտ կորած 41 անձանց հարազատները 41 հացենի տնկեցին` ի հիշատակ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած իրենց սիրելիների:
Ծառատունկն սկսելուց առաջ տերունական աղոթք կարդաց Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը: Ներկա էին նաև Արմավիրի փոխքաղաքապետեր Մելիք Բաղդասարյանն ու Խաչիկ Մկրտչյանը: Քաղաքային այգում պուրակի ստեղծման համար տարածքը տրամադրվել էր քաղաքապետրանի կողմից:
ՀԿԽԸ Արմավիրի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Հակոբ Հովսեփյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին` նշելով, որ արդեն երկար տարիներ է, ինչ Կարմիր խաչը Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների կողքին է:
Պուրակի տնկման նախաձեռնությունը հենց այդ ընտանիքներինն էր, քանի որ նրանց հարազատները չունեն ոչ գերեզման, ոչ էլ հուշաքար, որտեղ կարելի է հիշատակի արարողություններ կատարել, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին կամ ուղղակի ծաղիկներ դնել:
Գայանե Վարդանյանի ամուսինը Ատոմ Սարգսյանն անհայտ կորել է 1992 թվականի հունիսին:
- Մեզ համար կարևոր է, որպեսզի ինչ-որ տեղ նրա անունը լինի գրված: Կգանք այս պուրակ, կհանգստանանք, կհիշենք: Շնորհակալ ենք, որ աջակցում են մեզ, - ասում է նա:
Կարինե Զադերյանը 30 տարեկան է եղել, երբ, կորցնելով ամուսնուն` 4 անչափահաս երեխաների հետ մնացել է մենակ:
- Ծանր է մեր կորուստը, մեզ ոչ մի նյութական բան չի կարող սփոփել, - ասում է տիկին Զադերյանը, որ ծառատունկին մասնակցում է արդեն թոռնիկի հետ, - 23 տարի է անցել ու այսօր այս ծառերն են, որ կհիշեցնեն մեզ նրանց մասին: Քաղաքի կենտրոնում է պուրակը, եկեղեցու մոտ: Որ ծառերը մեծանան, թոռներիս կբերեմ ու կասեմ` տեսեք, ձեր պապիկի անունով ծառն է:
Սվետլանա Մելքոնյանն էլ նշեց, որ ծառատունկի օրը համընկել է իր ամուսնու` Ալբերտ Ամիրխանյանի ծննդյան օրվա հետ.
- Այսօր նա 67 տարեկան կդառնար: Բնություն շատ էր սիրում, ուրախ եմ, որ ծառատունկով ենք նշում նրա ծննդյան օրը: Դժվար է եղել առանց ամուսնու երկու երեխա մեծացնելը, ամեն տեսակի աշխատանք արել եմ` ինժեներից մինչև կարի սրահ: Թոռնիկիս հետ եմ այսօր եկել, պապիկի ծառն է ջրում:
Էմմա Կարապետյանը, որը նույնպես կորցրել է ամուսնուն, դիմեց մյուս ընտանիքներին.
- Մենք այստեղ հաճախ կգանք աղջիկներ, այնպես չէ՞, կգանք որ հիշենք մեր տղաներին: Մեզ մնում է միայն հպարտանալ նրանցով:
ԿԽՄԿ գրասենյակներում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 4541 անհայտ կորած անձի վերաբերյալ որոնման հայտեր են գրանցված, որոնցից 400-ը` Հայաստանում: Նույնիսկ տասնյակ տարիներ անց անհայտ կորածներիընտանիքներն (ԱԿԸ) ունեն տնտեսական, իրավական, հոգեբանական և/կամսոցիալական կարիքներ:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեիաջակցությամբ, 2011 թվականից մինչ այժմ իրականացնում է «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» ծրագիրը:
Այս ծրագրի շրջանակներում անհայտ կորածների ընտանիքների համարկազմակերպվում են հանդիպումներ առողջապահական, սոցիալական, իրավաբանական ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև մշակութայինմիջոցառումներ, դասընթացներ: Հանդիպումներն ու միջոցառումները ՀՀ մարզերումիրականացվում են ՀԿԽԸ մարզային ևտարածքային մասնաճյուղերի միջոցով:
Մեկնարկից մինչ օրս ծրագրում ներգրավվել են 47 ընտանիք Սյունիքից, 5 ընտանիք` Վայոց ձորից, 15 ընտանիք` Գեղարքունիքից, 12 ընտանիք Շիրակից, 23 ընտանիք` Լոռիից, 41 ընտանիք` Արմավիրից, 32 ընտանիք` Արարատից, 11 ընտանիք` Տավուշից: