Դեկտեմբերի 8-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան-հանդիպում՝ նվիրված ընկերության Որոնում ծառայության կողմից իրականացվող Որոնման ու Ընտանեկան կապերի վերականգնմանն (ԸԿՎ) ուղղված գործունեությանը:
Հանդիպմանը ներկա էին ոլորտում գործող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, ՀՀ Ազգային արխիվից, ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունից, ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունից, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից և Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:
Կլոր սեղանը նպատակ ուներ լրացնել համագործակցող և շահագրգիռ կողմերի միջև գոյություն ունեցող տեղեկատվական բացը, պարզաբանել որոնման և ընտանեկան կապերի վերականգնման աշխատանքները կազմակերպելու ընթացքում ծագող իրավական բնույթի հարցեր և հրավիրել համագործակցող և շահագրգիռ կողմերի ուշադրությունը դեպի ընտանեկան կապերի վերականգնմանն ուղղված գործունեության կարևորությունը:
ՀԿԽԸ Որոնման ծառայության պատասխանատու Սամվել Հունանյանը ողջունելով կողմերի մասնակցությունն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը, ինչպես նաև պետական կառույցների աջակցությունն ու վերջիններիս հետ մշտական կապը՝ Որոնման և ընտանեկան կապերի վերականգնման գործընթացի իրականացման գործում` հիմք ընդունելով հարազատների՝ միմյանց հետ հաղորդակցվելու և միմյանց գտնվելու վայրի ու ճակատագրի վերաբերյալ տեղեկացված լինելու իրավունքը:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԿԽ և ԿՄ միջազգային Շարժման դերն ու առանձնահատկությունները ԸԿՎ գործում, գործունեության իրավական հիմունքները, ինչպես նաև ՀԿԽԸ Որոնում ծառայության՝ որպես Ընտանեկան կապերի միջազգային ցանցի բաղկացուցիչ, գործունեության ուղղություններն ու առանձնահատկությունները:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ Որոնման պատասխանատու Սուսաննա Գասպարյանը ներկայացրեց ԸԿՎ առնչությամբ ԿԽՄԿ – ի՝ Շարժման շրջանակներում ԸԿՎ առնչությամբ որպես առջատարի, Որոնում ծառայության գործունեությունն ու առանձնահատկությունները:
Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև իրենց ընտանիքների անդամների վերաբերյալ տեղեկություն փնտրող այն անձանց կարիքների արագ և արդյունավետ հասցեագրումը, որոնք տարանջատվել են ընտանիքներից՝ այսօր հրատապ դարձած միգրացիայի արդյունքում: Քննարկվեցին իրավական բնույթի այլ հարցեր:
Մասնակիցների կողմից հարցեր հնչեցին Որոնում ծառայության կառուցվածքի, հայտերի ընդունման չափորոշիչների առանձնահատկությունների և վիճակագրության մասին: Քննարկվեցին այլ իրավական բնույթի հարցեր:
Մասնակից կողմերը նշեցին, որ նման հանդիպումները մեծապես իրազեկում են և նպաստում են հետագա համագործակցության ամրապնդմանն ու գործընթացների բարելավմանը: