Օգոստոսի 30-ին՝ Անհայտ կորածների հիշատակման միջազգային օրը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ղարաբաղյան հակամարտության 90-ականների սրացման հետևանքով Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի և Շիրակ մարզերից անհայտ կորածների մոտ 150 ընտանիքների համար կազմակերպել էր միջոցառումներ՝ ի հիշատակ նրանց հարազատների:
Ընտանիքներն իրենք են ընտրել միջոցառման բնույթը՝ ուխտագնացություն Սարդարապատ, Էջմիածին և Սևանավանք, ծառատունկ, այց Անհայտ կորածներիհուշարձան:
ԿԽՄԿ-ի տվյալներով՝ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության 90-ականների սրացման հետևանքով որոնման հայտեր են բացվել անհայտ կորած մոտ 400 անձի մասին:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, 2001 թվականից իրականացնում է «Սատարում անհայտ կորածների ընտանիքներին» ծրագիրը, որի նպատակն է հանդիպումների, համապատասխան մասնագետների խորհրդատվությունների, ուղղորդումների, արհեստների և արվեստների դասընթացների միջոցով նպաստել հարազատի անհետացման արդյունքում առաջ եկած սոցիալ-հոգեբանական ծանր հետևանքների հաղթահարմանը: Այս միջոցառումները ևս կազմակերպվել էին նշված ծրագրի շրջանակներում: