Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), որպես առաջնահերթություն սահմանելով մարզային մասնաճյուղերի զարգացումը, այս տարվա մայիսից նոր նախաձեռնություններ է սկսել Տավուշի մարզում, քանի որ այն սահամամերձ է և, այդ պատճառով՝ հատկապես խոցելի: Նախաձեռնությունները հիմնականում երեխաներին են ուղղված. ՀԿԽԸ Տավուշի մարզային մասնաճյուղը՝ Իջևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում և Բերդում իրականացնում է «Երեխաների կայուն զարգացում» սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիրը: Այն իրագործվում է 15 կամավորների միջոցով, և արդեն 8-14 տարեկան 100 շահառու ունի, որոնք մարզի տարբեր համայնքներից են, այդ թվում նաև՝ Իջևանի ՍՕՍ-մանկական գյուղից:
ՀԿԽԸ կամավորները, անցնելով դասընթացներ, ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ և հմտություններ, երեխաների համար ութ պարապմունք են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են, թե ինչ իրավունքներ ու կարիքներ ունեն երեխաները, ինչ դեր կարող են ունենալ իրենց համայնքի կյանքում, ինչ է բռնությունը և ինչպես պետք է խուսափել դրանից:
Կամավորները, երեխաների համար ընկերական և վստահության մթնոլորտ ստեղծելով՝ հնարավորություն են տալիս նրանց իրենց շրջապատի երևույթների մասին կարծիք ձևավորելու, դրանք ճիշտ ընկալելու և վերարտադրելու: Պարպմունքները նպաստում են նաև երեխաների ընդհանուր զարգացմանը, նրանց՝ հասակակիցների և մեծերի հետ շփվելու հմտություններ տալիս, դարձնում ավելի համարձակ, զարգացնում հանդուրժողականությունը և խթանում խնդիրներին կառուցողական մոտեցումների ցուցաբերումը:
Դասընթացներից բացի նախատեսված են նաև էքսկուրսիաներ մարզի տեսարժան վայրեր:
- Իմ առաջին փորձն էր ու շատ հաճելի էր շփվել նման երեխաների հետ: Դասընթացների ընթացքում զգում ու գիտակցում ես, թե որքան խոր ներաշխարհ ունեն ու ինչքան առաջ գնալու տեղ ունեն, քանի որ արտահայտում են այնպիսի մտքեր և ուշադրություն են դարձնում այնպիսի հարցերին, որ մենք ինքներս, միգուցե չնկատենք: Նրանց հետ շփվելիս օրդ լցվում է մանկական անկեղծ ժպիտով և ջերմությամբ: Ոչ միայն մենք են նրանց ինչ-որ մի բան սովորեցնում, այլ ինքնրս էլ նրանցից շատ բան ենք սովորում, - ասում է ծրագրի կամավոր Անի Բարխուդարյանը:
- Երեխաների կայուն զարգացման ծրագիրը հնարավորություն է տալիս երեխաներին ճանաչելու և գնահատելու իրենց կյանքը մեկ այլ՝ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից: Ծրագրի ընթացքում և ինչու ոչ՝ արդյունքում, երեխաները փորձում են բարձրաձայնել, գնահատել իրենց առօրյայում հանդիպող իրադարձությունները, խնդիրները, գտնել դրանցում իրենց դերն ու նշանակությունը և փորձել ինքնուրույն (այլոց իրավունքները չխախտելով՝ իրենց իրավունքները պաշտպանելու միջոցով) գտնել խնդիրների լուծման ուղիներ: Դասընթացավարներին այս ծրագիրը հնարավորություն է տալիս տեսական գիտելիքներից զատ ձեռք բերել պրակտիկ հմտություններ և ուղեցույցի յուրաքանչյուր կետն օգտագործել որպես առօրյա գործունեության անբաժան մաս: Հանդիպում-պարապմունքները սովորաբար անց են կացվում մեծ ոգևորության և բուռն քննարկումների պայմաններում: Յուրաքնաչյուր նոր հանդիպում երեխաներին թույլ է տալիս իրենց ուժերն ու հնարավորությունները բացահայտել նոր կողմերից, - ավելացնում է կամավոր Աննա Հախվերդյանը:
Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորները որոշեցին նաև իրենց սեփական մտահղացումներով հանդես գալ և տիկնիկային թատրոն բեմադրեցին, որով հանդես են գալիս տարբեր համայնքներում: Հրշեջ - փրկարարի տիկնիկը նրանց սովորեցրեցնում է, թե ինչ պետք է անել տարբեր աղետների՝ երկրաշարժի, ջրհեղեղի ու սողանքի դեպքում:
Օգոստոսի 16-ին նրանք ծրագրում ներգավված Դիլիջանի երեխաների համար տիկնիկային ներկայացում էին բեմադրել:
- Հիմա արդեն գիտեմ, որ սողանքի դեմ պայքարելու համար պետք է շատ ծառեր տնկել, իսկ ջրհեղեղի դեպքում բարձրանալ վերևի հարկ, - ոգևորված ասում էր 10-ամյա Ալեքսը, որ ամենաակտիվն էր, ու առաջին շարքից անընդհատ մասնակցում էր բեմադրության հերոսների հետ հարց ու պատասխանին:
Այս ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց աջակցում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Դանիական Կարմիր խաչը, նպատակ ունեն զարգացնելու Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորական ներուժը, ներգրավելու նոր կամավորների և հզորացնելու նրանց կարողությունները՝ այդ կերպ նպաստելով մասնաճյուղից գործունեության ընդլայնմանը:
Հարցազրույցները՝ ՀԿԽԸ Տավուշի ՄՄ կամավոր Արինա Պարոնյանի