2010թ. ՀԿԽԸ-ն և ԱՄՆ Խաղաղության Կորպուսի երիտասարդ կամավորներն իրականացրեցին ՙՍահմանից` սահման՚ ծրագիրը: Դա քայլք-մարաթոն էր, որն ուղեկցվում էր ՀՀ հեռավոր համայնքներում կազմակերպվող առողջ ապրելակերպի վերաբերյալ սեմինարներ: Դրանք նպատակ ունեին բարձրացնելու իրազեկությունը երեխաների առողջության, այդ թվում` պատշաճ սնվելու, մարզվելու կարևորության, չծխելու և չխմելու առավելությունների վերաբերյալ:
17 օր տևած մարաթոնը մեկնարկեց հունիսի 3-ին. ամերիկացի կամավորներից բաղկացած վեց հոգանոց երկու խումբ միաժամանակ սկսեցին քայլել միմյանց ընդառաջ` հայ-վրացական և հայ-իրանական սահմաններից: Խմբերը, յուրաքանչյուրը 275 կմ քայլելուց հետո, հանդիպեցին Եղեգնաձորում, որտեղ հունիսի 20-ին տեղի ունեցավ ավարտական ամփոփիչ միջոցառում:
Քայլելու հետ մեկտեղ, կամավորները բաժանեցին հազարավոր տեղեկատվական նյութեր երեխաների առողջության վերաբերյալ՝ ուշադրություն հրավիրելով ճիշտ սննդի, ֆիզիկական վարժությունների, ծխախոտից և ոգելից խմիչքներից խուսափելու վրա: Խաղաղության կորպուսի և Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները, համագործակցելով տեղական համայնքի անդամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, 11 համայնքներում մարաթոն–քայլքի շրջանակներում անցկացրեցին մեկօրյա ինտերակտիվ սեմինարներ մոտ 450 երեխաների համար: Թիմը նաև տարածեց տեղեկատվական նյութեր Հայաստանում`Հայկական Կարմիր խաչի ընկերության և Խաղաղության կորպուսի գործունեության մասին:
ՙՍահմանից սահման՚-ը մի հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է մարաթոն-քայլքը` որպես խորհրդանիշ կիրառել առողջության պահպանումը, դրա դերն ու նշանակությունը կարևորելու համար: