Համավարակի այս օրերին աջակցության կարիք ունեցող մարդկանց օգնություն հասցնելն անհնարին կլիներ առանց կամավորների: Նրանք անշահախնդիր են, պատրաստակամ՝ անմնացորդ ներդնելու իրենց ջանքերն ու եռանդը՝ հանուն ուրիշների բարօրության: Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատակիցների հետ միասին ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում են իրականացնում կամավորները:
Մասնագիտությամբ կրթության կառավարիչ, անգլերենի մասնագետ Աստղիկ Պետրոսյանը հետաքրքրությունների լայն շրջանակ ունի, իսկ կամավորական աշխատանքն ապրելակերպի մի մասն է կազմում: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավոր է մոտ 9 տարի, այժմ ներգրաված է գրեթե բոլոր ծրագրերում:
- Կամավորությունը ենթադրում է մարդասիրական աշխատանք: Այս օրերին մեր կարիքը, կարծում եմ, ամենաշատն է զգացվում: Երբ հարցրեցին՝ ո՞վ կցանկանա գալ, ես առաջիններից էի, քանի որ շատ նորմալ է, երբ մարդը պաշտպանում է ուրիշին:
Աշխատանքներում ներգրավված են տարբեր բաժինների կամավորներ, Աստղիկը կամավոր է թե՛ Երիտասարդական, թե՛ Աղետների կառավարման բաժնում։
- Մեզ անընդհատ վերապատրաստել են, շատ բաներ են սովորեցրել, ու մի քիչ սխալ կլիներ, որ տված գիտելիքներն այս պահին չօգտագործեինք, կամ ինչպես ասում են ետ չվերադարձնեինք: Մենք միշտ էլ համախմբված ենք եղել, բայց հիմա դա նկատելի է ավելի, քան երբևէ: Միասնականության շնորհիվ ավելի արագ և արդյունավետ ենք անում աշխատանքը:
Կամավորական աշխատանքի վերաբերյալ ունի սեփական մոտեցումներն ու պատկերացումները: Պատասխանելով այն հարցին թե ինչն է իրեն այս պահին մոտիվացնում, Աստղիկը խոսեց օրինակով․
- Մենք բոլորս պատասխանատու ենք՝ բոլորի համար, ու ինչ-որ տեղ ես ունեմ ներքին հանգստություն, որ ես իմ ուժը կարողանում եմ օգտագործել՝ հանուն այլ մարդկանց: Այսպիսի համակեցության կանոն կա, երբ բոլորը լավ են, դու էլ ես քեզ լավ զգում:
Կամավորները, իմ կարծիքով, ամենանվիրված մարդիկ են, քանի որ գիտեն ինչ են անում, ինչի համար: Ցանկացած միջավայրում, երբ ցանկանում ես ինչ-որ հաջողության հասնել պետք է լինի համախմբվածություն, իսկ Կարմիր խաչում կա այդ համախմբվածությունը, քեզ գնահատված ես զգում, արդյունքում ուզում ես ավելի շատ բան անել։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է անցնում կամավորական աշխատանքը, Աստղիկը համեմատեց կամավորական երկու աշխատանքները․
- Հանրակացարաններ այցելելիս ամեն շաբաթ ունենում էինք նոր կամավորներ, տեսնում էինք կամավորների, որոնք ամեն ինչ ուզում են անել, որ տատիկ-պապիկների աչքերում ուրախություն լինի, իսկ ինչ վերաբերում է այստեղ՝ պահեստավորման աշխատանքներին, ամեն օր տեսնում ենք նոր մարդկանց, որոնք պատրաստ են ակտիվ աշխատել, ուրախ մթնոլորտ է: Ամենակարևորը՝ ոչ մի վախ չունենք, բոլոր անհրաժեշտ միջոցները տրամադրված են, անվտանգության կանոնները մաքսիմալ պահում ենք: Մեզ ոգևորում է այն փաստը, որ այդ օրվա մեր աշխատանքով հարյուրավոր մարդիկ ուրախանալու են: Ամեն ինչ լավ է լինելու, մեր եռանդը տեղն է: