
2023 թվականին Հունանը և նրա ընտանիքը ստիպված եղան լքել իրենց տունը Լեռնային Ղարաբաղում։ Կնոջ և երկու որդիների հետ միասին, որոնցից մեկը ունի հաշմանդամություն, Հունանը թողեց ամեն ինչ, ինչ ուներ, և մեկնեց՝ փրկություն գտնելու։ Հայաստան տեղափոխվելիս՝ Վայքում նրանք առաջին անգամ կապ հաստատեցին Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ և գրանցվեցին որպես տեղահանվածներ։
Նրանց տրամադրվեց ՀԿԽԸ թեժ գծի հեռախոսահամարը՝ անհրաժեշտության դեպքում օգնության դիմելու համար։ Հունանին և իր ընտանիքին ճանապարհը բերեց Արմավիրի մարզ, որտեղ սկսեցին աստիճանաբար հարմարվել նոր կյանքին, սակայն տեղահանության բեռը դեռ զգալի էր։ Ընտանիքի միակ եկամտի աղբյուրը նրանց որդին էր, ով աշխատում էր՝ ապահովելու բոլորի կարիքները։
Ընտանիքը կերակրելու պատասխանատվությունը ծանր էր Հունանի համար, հատկապես նոր վայրում աշխատանքի դժվարությամբ։ Կայունություն գտնելու ձգտումը նրան մղեց դիմելու ՀԿԽԸ՝ աշխատանք գտնելու աջակցություն ստանալու համար։ Սա դարձավ նրա նոր ճանապարհի սկիզբը։
Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՀԿԽԸ-ի կողմից իրականացվող RENEW ծրագրի շրջանակում Հունանը հանդիպեց դեպք վարող մասնագետի հետ, ով լսեց, հասկացավ և գնահատեց նրա իրավիճակը։ Այս խորհրդատվությունների արդյունքում Հունանի համար բացվեցին նոր հնարավորություններ։ Դեպք վարողն օգնեց հասկանալ Հունանի ուժեղ կողմերը, նրա կարողությունները և համայնքին աջակցելու կարողությունները՝ տալով նրան առաջ շարժվելու վստահություն։
Լեռնային Ղարաբաղում Հունանը աշխատել էր որպես ուսուցիչ, և դեպք վարողի աջակցությամբ նա ուղղորդվեց Վաղարշապատի տարածաշրջանային միասնական սոցիալական ծառայություն։ Այս ուղղորդաման և շարունակական աջակցության շնորհիվ Հունանին հաջողվեց աշխատանք գտնել Էջմիածնի մասնագիտական ուսումնարանում՝ հնարավորություն, որը լիովին համընկնում էր նրա փորձի հետ և թույլ էր տալիս աջակցել նաև նոր համայնքին Հայաստանում։
Այս աշխատանքը Հունանի համար միայն եկամուտ չէր․ դա նոր սկիզբ էր, որը նրան թույլ տվեց կրկին ապահովել ընտանիքը և վերագտնել կյանքի իմաստը։
Բայց աջակցությունը դրանով չավարտվեց։
Եկամուտների բազմազանեցման կարևորությունը հասկանալով՝ Հունանին ներկայացվեց ԿԽՄՖ-ի (IFRC) ֆինանսավորմամբ և ՀԿԽԸ-ի կողմից իրականացվող կենսաապահովման աջակցման ծրագիրը։ Այս նախաձեռնության միջոցով նա ստացավ ֆինանսական օգնություն՝ դրամական փոխանցումների տեսքով՝ իր սեփական մեղվաբուծական բիզնեսը սկսելու համար։ Այս նոր նախաձեռնությամբ Հունանը կարողացավ օգտվել Հայաստանի գյուղատնտեսական հնարավորություններից՝ իր վերականգնման և ինքնաբավության ճանապարհին նոր քայլ կատարելով։ Մեղվաբուծություն ոչ միայն լրացուցիչ եկամտի աղբյուր դարձավ ընտանիքի համար, այլ նաև բերեց անկախության և զարգացման նոր զգացում։
Հունանի ուղին հաղթահարելու և նոր հնարավորություններ ընդունելու պատմություն է՝
Նա անցավ գործազրկությունից դեպի կայուն ուսուցչական աշխատանք։Աջակցության շնորհիվ ստեղծեց մեղվաբուծական բիզնես՝ ապահովելով ընտանիքի համար ևս մեկ վստահելի եկամտի աղբյուր։
ՀԿԽԸ դեպք վարող մասնագետի հետևողական աջակցությունը նրան օգնեց կյանքի նոր նշանակություն գտնել և ապագայի հանդեպ վստահություն ձեռք բերել։
Հունանի պատմությունը վկայում է այն մասին, թե որքան ուժ ունի անհատական աջակցությունը և ճիշտ ուղղորդումը՝ նույնիսկ ամենամեծ դժվարությունները հաղթահարելու համար։
ՀԿԽԸ-ի անմիջական ուղղորդման, ինչպես նաև RENEW և ԿԽՄՖ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շնորհիվ Հունանը և նրա ընտանիքը քայլ առ քայլ գնում են երկարաժամկետ ինտեգրման և հաջողության ուղով։
ԵՄ մարդասիրական աջակցության շրջանակում իրականացվող RENEW նախագիծը ուղղված է 16,020 տարածաշրջանային պատերազմով տուժած կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների կյանքի պայմանների և հոգոսոցիալական բարեկեցության բարելավմանը։ 2023 թվականին սրացած հակամարտությունն ու ավելի քան 100,000 տեղահանված անձանց հոսքը Հայաստան ստեղծեցին մեծ կարիքներ։ Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում իրականացվող այս ծրագիրը աջակցում է տեղահանվածներին՝ վերակառուցելու իրենց կյանքը և ամրապնդելու կայունությունն ու դիմադրողականությունը նոր համայնքներում։