Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Նորոգումից հետո վերաբացվեց Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնը [uri] => /news/bacumgyumri.html [id] => 684 ) 1
Նորոգումից հետո վերաբացվեց Գյումրու Շուրջօրյա...

Նորոգումից հետո վերաբացվեց Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնը

09.10.2025
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նորոգումից հետո վերաբացվեց Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնը

Կայացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի պաշտոնական բացումը, որին ներկա էին ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար պարոն Արսեն Թորոսյանը, ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող տարբեր երկրների դեսպաններ, Շիրակի ու Լոռու մարզպետները, ԱԺ պատգամավորներ, ՀԿԽԸ գործընկեր։

2020 թվականից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Կառավարության որոշմամբ ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը։ Ի սկզբանե հուշագրի շրջանակներում ազգային ընկերությունը պարտավորվել էր կատարել մոտ 270 մլն․ դրամ ներդրում, բայց միայն բնաիրային ձեռքբերումների, վերանորոգման, կահավորման աշխատանքների համար կատարել է ավելի քան 600 մլն․ ՀՀ դրամ ներդրում։  ՀՀ Աշխատանքի և Սեցիալական հարցերի նախարար պարոն Թորոսյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությանն արդյունավետ գործակցության համար ընդգծելով նաև ՀԿԽԸ գործընկերների կարևորությունը։

«Այսօր միասին նշում ենք մի կարևոր իրադարձություն, որը խորհրդանշում է կառավարության հանձնառությունը՝ ապահովելու մեր ավագ սերնդի արժանապատիվ և լիարժեք կյանքը։ Այս կենտրոնը, որն արդիականացվել է վերջին տարիներին, ավելին է, քան պարզապես խնամքի վայր։ Դա մեր հարգանքի և երախտագիտության դրսևորումն է մեր ավագ սերնդի նկատմամբ, ովքեր իրենց կյանքով, աշխատանքով և նվիրումով կարևոր ներդրում են ունեցել մեր պետության կայացման գործում։ Սա նաև մեր պետության՝ խնամքի հաստատություններում կյանքի որակի բարելավման ստանդարտների սահմանման և դրանց հետևողական իրագործման մասին է։ Կառավարությունը խթանում է ակտիվ և արժանապատիվ ծերության գաղափարները։ Վստահ եմ, որ այս կենտրոնը կդառնա այնպիսի վայր, որտեղ տարեցները կկարողանան կիսվել իրենց փորձով, սովորել նոր հմտություններ ու շարունակել ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին»

 ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանն էլ անդրադարձավ վերջին տարիների արված աշխատանքներին նշելով, որ կենտրոնում բոլոր փոփոխությունները միտված  են շահառուների բարեկցությանն ու ապահովությանը։

«Հայկական Կարմիր խաչը՝ հաշվի առնելով տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց առանձնահատուկ կարիքները, ձգտում է ապահովել միջազգային ստանդարտներին համահունչ բարձրորակ խնամք։ 2020 թվականից ի վեր, մեր գործընկերների՝ Շվեյցարական Կարմիր խաչի, Ավստրիական Կարմիր խաչի, Ավստրիայի զարգացման գործակալության, Իտալական Կարմիր խաչի, Լիխտենշտեյնի Կարմիր խաչի և Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվել են բազմաթիվ վերանորոգման աշխատանքներ և բարեփոխումներ։ Վերանորոգվել են երկհարկանի երեք բնակելի հատվածներ, խոհանոցը, միջանցքները, իսկ վարչական մասնաշենքի մեկ հարկը ներկայումս ծառայում է անկողնային խնամք պահանջող շահառուներին։ Մասնաշենքերը հագեցվել են նպատակային գույքով և սարքավորումներով՝ ապահովելով կեցության և բարեկեցության անհրաժեշտ պայմաններ։ Մատուցվող ծառայությունների որակի բարելավման շրջանակներում մշտապես իրականացվում են աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրեր։ Մեր տեսլականն է՝ ստեղծել մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր տարեց մարդ կարող է ապրել արժանապատիվ, առողջ ու ակտիվ կյանքով՝ լիարժեք ներգրավված լինելով համայնքային ու հասարակական կյանքում» -նշեց ՀԿԽԸ նախագահ Դավիթ Ներսիսյանը։

Այս պահին կենտրոնում խնամք է ստանում 160 շահառու։ Մատուցվող ծառայությունները ներառում են՝ կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինչպես նաև իրավական խորհրդատվություն։ Տարեցներն ապահովված են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։ Միջոցառման ավարտին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև ստորագրվեց ևս մեկ նոր փոխըմբռման հուշագիր Ղարաբաղից տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության շրջանակում համագործակցության մասին։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ