ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: 1988թ. մինչև 2013թ. ապրիլի 30-ը մեր երկրում` ՀՀ քաղաքացիների շրջանում, գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1445 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 745-ի մոտ (կին` 189, երեխա` 14) ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 328 դեպք: Մահացածների թվում են 57 կին և 6 երեխա: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հանրապետությունում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը 3500 է:
1983թ.-ից ի վեր ողջ աշխարհում մայիսի երրորդ կիրակի օրը նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր: Այդ օրը միլիոնավոր մարդիկ հիշում են ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց, նաև արտահայտում են իրենց համերաշխությունը ՄԻԱՎ-ով ապրողներին: Տարիներ շարունակ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օրվա շրջանակներում անցկացնում է մոմավառության երթ: Այս արարողությունը կարևոր նշանակություն ունի ՁԻԱՀ-ից մահացածներին հիշատակելու, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցություն ցուցաբերելու, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկացվածությունը բարձրացնելու համար: