Red Plus

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժում


 

Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի  շարժման ստեղծման պատմությունը

 

 

Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման պատմությունը սկսվել է 1859 թվականի հունիսի 24-ին, երբ հյուսիսային Իտալիայի Սոլֆերինո քաղաքի մերձակայքում արյունալի ճակատամարտում բախվեցին Ավստրիական միապետության և Ֆրանկո-սարդինյան միության զորքերը:

 

Նման դաժան ճակատամարտ Եվրոպան վաղուց չէր տեսել: 16 ժամ տևած կատաղի ճակատամարտից հետո մարտի դաշտում մնացել էին 36 000 վիրավոր զինվոր և 4000 դիակ: Ամենազարհուրելին այն էր, որ վիրավոր զինվորներին ոչ մի օգնություն չէր ցուցաբերվում: Այն ժամանակ դա սովորական երևույթ էր ճակատամարտերից հետո, որոնք ավելի շատ զանգվածային սպանդ էին հիշեցնում: Ավելին, ռազմական հրամանատարները բոլորովին մտահոգված չէին վիրավորներին օգնություն և խնամք ցուցաբերելու համար: Ճակատամարտը պսակվեց ֆրանսիացիների հաղթանակով, սակայն դա շատ թանկ հաղթանակ էր.  զոհվածների մարմինները կուտակված էին մեկը մյուսի վրա,  հազարավոր վիրավորներ լքված-ընկած էին մարտի դաշտում: Նրանք այդպես էլ մնում էին, քանի որ զինվորը, որը չէր կարող կռվել, այլևս ոչ մեկին պետք չէր:

 

Շվեյցարացի վաճառական Անրի Դյունանը առևտրական գործերով պատահականորեն անցնում էր այդ կողմերով: Կառքից նա լսում է հրանոթների ձայները: Մի քանի րոպե անց Դյունանը պիտի տեսներ այնպիսի մի զարհուրելի տեսարան, որը կտրականապես փոխելու էր նրա կյանքը. իրարանցում և քաոս, բախտի քմահաճույքին թողնված զինվորներով լցված փողոցներ, ավերված  եկեղեցիներ, առվի պես հոսող արյուն:  Ճանճերի ամպերը շրջապատել են վիրավորներին, սարսափելի ժանտահոտ է:

 

 

Տեսնելով այս ամենը` Դյունանը թողնում է իր գործերը և, չունենալով բժշկական գիտելիքներ,  անում է հնարավորն ու անհնարինը, որպեսզի թեթևացնի և մեղմի բախտի քմահաճույքին հանձնված այդ վիրավորների տառապանքները` ընդ որում առանց հաշվի առնելու, թե որ բանակի զինվորներն են նրանք: Նա փորձում է լվանալ ու կապել անծանոթ զինովորների վերքերը, ջուր է բերում նրանց համար: Սակայն շուտով հասկանում է, որ միայնակ չի կարող օգնել բոլորին, և խնդրում է տեղացի  կանանց օգնել իրեն: Կանայք մերժում են` վախենալով, որ ավստրիացիները կվերադառնան և կպատժեն իրենց` ֆրանսիացի զինվորներին օգնելու համար: Սակայն Դյունանը դիմում է նրանց «TUTTI FRATELLI»` “Բոլորս եղբայրներ ենք” բառերով, և կանայք սկսում են կրկնել այդ կոչն ու օգնել Դյունանին:

 

Դյունանի սրտում աճում է բարկությունը. զինվորները թողնված էին բախտի քմահաճույքին: 9000 զինվոր և ընդամները 6 զինվորալկան բժիշկ:  Նա պարզում է, որ միշտ այդպես է, քանի որ բանակի բժշկական բաժինը շատ փոքր է, քանի որ զինվորը, որ այլևս կռվել չի կարող, ոչ մեկին պետք չէ:

 

Դյունանը վերադառնում է Շվեյցարիա, ուր նրան շարունակ հետապնդում է Սոլֆերինոյում տեսած մղձավանջը: Կարծես այդ տեսիլքներից ազատվելու համար նա գրում և 1862թ. նոյեմբերին սեփական միջոցներով հրատարակում է մի գիրք, որը վերնագրում է “Հուշեր Սոլֆերինոյի մասին”: Դրա նպատակն էր աշխարհի ուշադրությունը հրավիրել պատերազմի դաժան իրականությանը: Նա պատմում էր այն, ինչի մասին փորձում էին լռել: Դյունանն ուղարկեց այս գիրքը Եվրոպայի իշխող ընտանիքներն, ինչպես նաև ռազմական առաջնորդներին, քաղաքական գործիչներին և ընկերներին: Այն ունեցավ անսպասելի մեծ հաջողություն:

 

Գրքում Դյունանը ներկայացնում է 2 առաջարկ`

 

  • Յուրաքանչյուր երկրում պետք է ստեղծել այնպիսի կազմակերպություն, որը կպատրաստի պատերազմի ժամանակ զինված ուժերի բուժծառայություններին օգնող կամավորներ,
  • Բոլոր պետությունները պետք է համաձայնության գան միջազգային ընդհարումների ժամանակ  վիրավոր զինվորների և նրանց օգնող անձանց պաշտպանվածությունն ապահովող դրույթների շուրջ:

Այդ խնդրի լուծման համար անհարժեշտ էր ստեղծել խորհրդանշան` բոլորի համար: Այն կկրի բժշկական անձնակազմը, այն կլինի տրանսպորտի, դաշտային հոսպիտալների վրա:

 

1863 թվականին Ժնևի "Հասարակական բարեկեցություն" բարեգործական կազմակերպությունը հիմնում է հինգ հոգուց բաղկացած կոմիտե` Հինգի կոմիտե, քննարկելու Դյունանի գաղափարները կյանքի կոչելու հնարավոր տարբերակները: Այդ կոմիտեն, որի կազմում էին Գուստավ Մուանիեն, Գիյոմ-Անրի Դյուֆուրը, Լուի Ապիան, Թեոդոր Մոնուարը և Անրի Դյունանը, հիմնեց "Վիրավոր զինվորների օգնության միջազգային կոմիտե" կազմակերպությունը, որը հետագայում վերանվանվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի:

 

Դրանից հետո այդ կոմիտեն ձեռնամուխ եղավ ապացուցելու, որ Դյունանի գաղափարները հնարավոր է կյանքի կոչել: Ի պատասխան նրանց կոչի` 16 երկրների և 4 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, 1863 թվականի  հոկտեմբերի 26-ին Ժնևում կայացած միջազգային համաժողովին Կարմիր խաչը կայացավ որպես կազմակերպություն և ազդարարեց իր մարդասիրական գործունեության մեկնարկը: Կարմիր խաչը` սպիտակ ֆոնի վրա, ընդունվեց որպես խորհրդանշան` ի պաշտպանություն վիրավոր զինվորների, նրանց օգնող բժշկական ծառայության և կամավորների: Սա Շվեյցարիայի պետական դրոշի հակառակ դասավորությունն է` ի պատիվ շարժման հիմնադիրների:

 

Կազմակերպությունն առ այսօր հավատարիմ է իր որդեգրած ուղղությանը և շարունակում է իր գործունեությունը տարածել համայն աշխարհում:

 

Կարմիր խաչի շարժումը գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում և իր կազմում ընդգրկում է մոտ մեկ միլիոն կամավորներ և անդամներ: Շարժումն ունի մեկ հիմնական նպատակ` առանց խտրականության կանխել կամ թեթևացնել մարդկային տառապանքները և պաշտպանել մարդկային արժանապատվությունը: Մարդասիրական նման գաղափարները կյանքի կոչելու համար էլ 1901 թվականին Անրի Դյունանին շնորհվում է Նոբելյան խաղաղության առաջին մրցանակը: Հետագայում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ իրականացրած մարդասիրական գործունեության համար 1917 և 1944 թվականներին ԿԽՄԿ-ն արժանացավ Նոբելյան խաղաղության մրցանակի: Շարժման 100-ամյակի կապակցությամբ 1963 թվականին ԿԽՄԿ-ն և ԿԽ և ԿՄ ՄՖ-ն արժանացան Նոբելյան խաղաղության մրցանակի:

 

Ամեն տարի Անրի Դյունանի ծննդյան օրը` մայիսի 8-ը, նշվում է որպես Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օր:

 

 

©2013 Armenian Red Cross Society. ® All rights reserved.